ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը և այլ հարցեր, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես ձեզ հայտնի է, այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին և հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները և բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպես օդուժի, այնպես էլ հետևակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք և 35-ին մոտ վիրավոր»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: