Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ և ավերածություններ: Իրանի ռազմական կցորդը չհաստատեց վիրավորների առկայության մասին տեղեկատվությունը և հայտնեց, որ իրանական կողմը դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով:
Ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը հայտնում է, որ նշված բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է: հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել անմիջական շփումները՝ ապատեղեկատվության տարածումը բացառելու համար: Այս համատեքստում Արցախի պաշտպանական բանակը լրացուցիչ կուսումնասիրի հրետակոծման փաստը և համապատասխան կարգով կտեղեկացնի իրանական կողմին: