Արցախա-ադրբեջանական սահմանին այս օրերին ահաբեկչական գործողություններ իրականացնող ադրբեջանցի զինվորականների գերակշռող մասը կարող է լինել նախկինում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ) կազմում գտնվող ադրբեջանցի քաղաքացիների: Եզրակացությունը բացատրվում է մի քանի կարևոր հանգամանքներով` մի քանի հազար ադրբեջանցիների առկայությունը ԻՊ շարքերում և ահաբեկչական խմբավորման ծայրահեղականներին հատուկ ձեռագիրը:
Դաժանությունը, որ ադրբեջանական զինվորականներն այս երեք օրերին դրսևորել են խաղաղ բնակչության նկատմամբ, արտառոց է և աննախադեպ: Դրանցից ամենասարսափելին Թալիշ գյուղում տարեց ամուսիների` Վալերա Խալափյանի և նրա կնոջը` Ռազմելայի սահմռկեցուցիչ պատմությունն էր: Վերջիններիս գտել էին իրանց տան մեջ` գնդակահարված և ականջները կտրած: Միջազգային հանրությանը նման դաժանությամբ հայտնի են բացառապես «Իսլամական պետության» ահաբեկիչները: Իրաքում ԻՊ խմբավորման անդամների և Թալիշում ադրբեջանցիների գործողությունների ձեռագիրը նույնն է, գործելաոճը` նույնպես:
Բացի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված վայրագություններից, շատ կարևոր է հաշվի առնել փաստը, որ ներկա դրությամբ Ադրբեջանում բնակվում են ԻՊ-ի կազմում կռված, փորձառություն և առանձնահատուկ դաժանություն ձեռք բերած ծայրահեղականներ: Վերջին ամիսներին թուրքական և ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին ադրբեջանցի ծայրահեղականների` Սիրիայից և Իրաքից վերադառնալու մասին: Ընդհանուր առմամբ` հայտնի է Սիրիայում և Իրաքում` ԻՊ-ի կազմում, 3000 ադրբեջանցի ծայրահեղականի մասին, նրանցից պաշտոնապես զոհվել էր 300-ը: Ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների, այսօր շուրջ ԻՊ շուրջ 2700 ադրբեջանցի անդամներ բնակվում են Ադրբեջանում: Հետևաբար, ոչինչ չէր կարող խանգարել երկրի նախագահ Իլհամ Ալիևին Արցախի դեմ մարտական գործողությունների ուղղել նաև ադրբեջանցի` մարտերում կոփված ահաբեկիչներին, փորձելով ռազմական ագրեսիայի ու դաժանության միջոցով հասնել իրավիճակի ապակայունացմանը:
Այս փաստն, անշուշտ, պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը, գերտերություններին, որոնք Իսլամական պետությունը հայտարարել են որպես ահաբեկչական կազմակերպություն և ջանքեր են գործադրում պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ: Սա նաև նշանակում է, որ Ադրբեջանը ոտնահարում է մարդու համընդհանուր իրավունքներն ու միջազգային իրավական նորմերը ոչ միայն հետևողականորեն խախտելով հրադադարի ռեժիմը, այլև ահաբեկիչներին ներգրավելով իր զինված ուժերի գործողություններում: