«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը կօգնի ԼՂՀ քաղաքացիներին Ադրբեջանի վայրագությունների հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը:

«Ապրիլի 2-ից սկսած որպես ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ադրբեջանի վայրագությունների հարցով դիմել եմ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Ավելին՝ լինելով օմբուդսմենի Եվրոպական ինստիտուտի անդամ՝ դիմել եմ այդ ինստիտուտի նախագահին և գլխավոր քարտուղարին և այլ եվրոպական հասարակական կազմակերպությունների: Իմ դիմումում խնդրել եմ, որ իրենք օգտագործեն օմբուդսմենի ինստիտուտի կարողությունները, դիմել այն եվրոպական պետություններին, որոնք ընդգրկված են այդ համակարգում՝ կոչ անելով Ադրբեջանին, որ վերջինս դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները:

Նշեմ, որ մենք այս պահին, որքանով ռազմական դրությունը թույլ է տալիս, զբաղված ենք ուսումնասիրությամբ, թե ինչքան մարդ է տուժել այդ վայրագություններից: Եվ պատրաստվում ենք հայտարարություն անել, որ այդ մարդիկ, որոնք ցանկանում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մենք օգնենք իրենց:

Գտնում եմ, որ տեղի ունեցածը հանցագործություն է, և այդ հարցով զբաղվում է ԼՂՀ գլխավոր դատախազությունը, բայց մենք ևս անելիքներ ունենք: Մեր առաջնային խնդիրն այն է, որ օգնենք մարդկանց, դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելու Ադրբեջանի գործողությունները: Այստեղ կարևոր է նաև այն, որ Ադրբեջանը՝ լիներոլվ ԵԽ անդամ, Եվրոպական կոնվենցիայի կողմ ՝ և այսօր իրավունք է խախտում:

ԼՂՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատրազմ) և 416 (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով: Մարդիկ տուժած են ճանաչվում այդ հանցագործություններից, փաստեր են արձանագրվում, մարդկանց հարցաքննում են, և այդ գործընթացը գնում է»,-ասել է Յուրի հայրապետյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: