Այսօր երեկոյան կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին, արձանագրել, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում:
Հեռախոսազրույցի ընթացքում Դ. Մեդվեդևը հաստատել է, որ պաշտոնական այցով կժամանի Հայաստան նախկինում համաձայնեցված ժամկետում՝ 2016 թ. ապրիլի 7-8-ը:
Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի ողջ համալիրը, այդ թվում տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությունը:
Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի առաջարկությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը հաջորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ: