Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Գրիշա Մարգարյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի` 28-ամյա Գրիշան 2012թ. հունիսի 10-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով, ծածկագրելով իր իսկական անունը և հայտնելով կեղծ կենսագրական տվյալներ, ծանոթություն է հաստատել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Զ.-ի հետ:

Մարմարաշեն գյուղի բնակիչ Գրիշան, ներկայանալով որպես Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչ Էդգար, շուրջ մեկ ամիս համացանցով, բջջային հեռախոսակապով շփվել է աղջկա հետ, խաբել նրան, իր մասին հայտնել խեղաթյուրված տվյալներ, ամուսնության առաջարկ է արել:

Հուլիսի 11-ին Գրիշան դեռահաս աղջկան ներկայացրել է, թե իբր ոստիկանության հետ խնդիրներ ունի, որոնք հարթելու համար պահանջվում է 400 000 դրամ: Սիրահարված աղջիկը համաձայնել է օգնել «Էդգարին» և վերջինիս տվել նրա պահանջած գումարը:

Երկու օր անց Գրիշան բողոքել է, որ գումարը չի բավականացրել և պահանջել է ևս 160 հազար դրամ, որն աղջիկը դարձյալ տվել է:

Ստացած գումարը Գրիշան բաժանել է տարբեր մարդկանց:Բացի այդ, Գրիշան նույն թվականի օգոստոս ամսին աղջկանից պահանջել է 10գ չափով ոսկի` իբր գրավադնելու համար, որպեսզի կարողանա վերադարձնել նրանից վերցրած գումարը:

Նախաքննության մարմինը Գ.Մարգարյանին մեղադրանք է առաջադրել խաբեության եղանակով խոշոր չափի դրամ և ոսկյա զարդեր հափշտակելու դիտավորության համար:Գրում է` «Ժամանակը»: