Նախագահ Սերժ Սարգսյանը վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
«Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ Ձեզ ողջունել Երևանում: Ձեր պաշտոնական այցը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը: Ցավոք, Ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց»:
ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում Երևանում ծրագրավորվող հանդիպմանը՝ ասելով.
«Եվ, իհարկե, Դմիտրի Անատոլիի, ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը»: