ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարությունում ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք համաձայնագրեր:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ էկսպորտ» ՍՊԸ միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման 2013 թվականի դեկտեմբերի 2-ի N 02-13-04 պայմանագրին կից լրացում կատարելու փաստաթուղթը ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Ստորագրվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը և ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին:
Ինչպես Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սահմանին գազի գնման գինը կկազմի 150 ԱՄՆ դոլար նախկին 165 դոլարի փոխարեն։