ՀՀ կառավարության անդամներն արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ շարունակում են իրենց պաշտոնեական պարտականությունները կատարել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:

Բացառություն են կազմում միայն Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարները, ովքեր իրենց պաշտոններում վերանշանակվեցին ապրիլի 20-ին: Իսկ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում վերանշանակվեց ապրիլի 19-ին:

Ի դեպ, դա Սահմանադրությամբ նախատեսված վերջին ժամկետն էր, քանի որ համաձայն երկրի գլխավոր օրենքի, «Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում»: Իսկ կառավարության հրաժարականը նախագահն ընդունել է ապրիլի 9-ին:

Սահմանադրությունը վարչապետի նշանակման օրից 20-օրյա ժամկետ է նախանշում կառավարության կազմավորման համար: Այդ ժամկետը լրանում է մայիսի 9-ին:

Այնպես որ, կառավարության նշանակման համար ՀՀ նախագահն ընդամենը 2 աշխատանքային օր ունի:

Այսօր երեկոյան նախատեսված է ՀՀԿ ԳՄ-ի նիստ, որին կհաջորդի խորհրդի նիստը, իսկ օրակարգում՝ կառավարության ձեւավորման հարցն է։