Ապրիլի 2-ին, երբ «հարևան» Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ում ակտիվ կերպով սկսվեցին ռազմական գործողությունները, Հայաստանի Հանրապետությունում միանգամից բարձրացավ դեպի ԼՂՀ օգնության շտապող մարդկանց ալիք: Ընդ որում՝ օգնության տեսակները բազմազան էին՝ սննդամթերքից մինչև մարդկային ռեսուրսներ: Այս կարևորագույն պահին ամբողջ գորընթացը (զարմանալիորեն) կազմակերպվեց չափազանց համակարգված և շուտափույթ ձևով:

Ապրիլի 6-ին, կայացավ ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը քիչ թե շատ դուրս մնաց հանրության ուշադրության կենտրոնից: Ապրիլի 6-ին կառավարության նիստում որոշում ընդունվեց այս տարի ավարտին հասցնել Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Գործադիրի որոշմամբ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար տրանսպորտի և կապի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 2016թ. առաջին կիսամյակում կհատկացվի 1 մլրդ դրամ:

«Սա ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, Քելբաջարի ճանապարհն է, որի հիմնանորոգումը այս տարի որոշել ենք ավարտել: Դա Նախագահի հանձնարարականն է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Այսօր արդեն համացանցը ողողված է դեպի Արցախ տանող ճանապարհի մեղմ ասած ոչ բարեկարգ վիճակում գտնվելու մասին գրառումներով: Գրառում կատարողներն այն նույն մարդիկ են, ովքեր պատերազմի առաջին օրերին շտապել են ԼՂՀ՝ զինծառայողներին ու բնակիչներին օգնություն տանելու:

Կարևոր հանգամանք. «2015 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով 20 ծրագրերի գծով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը նախատեսվել է 37.6 մլրդ դրամ (ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 2015թ. գործունեության վերաբերյալ 2015թ.-ի հաշվետվությունից): Փաստացի կատարողականը կազմել է շուրջ 55.4 մլրդ դրամ: Ինչպես նաև տարբեր տեսակի տուքերից, հարկերից և ոչ հարկային եկամուտներից տվյալ նախարարությունում գոյացել են եկամուտներ:

Կարևոր հանգամանք 2. ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող հեռուստամարաթոնները: Միայն 2015թ.-ին «Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոնն արձանագրեց 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրած գումարը նախատեսվում էր ուղղել Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում ու Արցախում:

Կարևոր հանգամանք 3. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձի 2015թ-ի հայտարարագում ներկայացրել է 543,655,000 դրամ և 92,000 դոլար դրամական եկամուտ: Գագիկ Բեգլարյանը հայտարարագրել է նաև 7,202,194 դրամ աշխատանքի վարձատրություն: Այս ունեցվածքը Գագիկ Բեգլարյանը կուտակել է 1993թ.-ից մինչ այսօր պետական համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցնելու հաշվին:

Նշված 3 կարևոր հանգամանքները (Տրանսպորտի և կապի նախարարության բյուջեն, տարբեր տարիների ընթացքում իրականացված հեռուսատմարաթոնները, Գագիկ Բեգլարյանի դրամական միջոցները) և Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վիճակը, թույլ են տալիս ինչ-որ կասկածելի բան ենթադրել:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, առնվազն տարօրինակ է, որ 20 տարվա պատերազմական դրությունում գտնվող երկրում, ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ մայրուղին հիմնանորոգելու որոշում է ընդունվում միայն ռազմական գործողությունները սկսվելուց հետո՝ այն էլ պահուստային ֆոնդից հատկացվող գումարի հաշվին:

Նշենք, որ տվյալ դեպքում խոսքը մեկ ավտոճանապարհի մասին է, սակայն նման իրավիճակում են գտնվում հանրապետության ռազմավարական նշանակության մի շարք ավտոճանապարհներ: