Այս օրերին լուրջ քննարկման առարկա է դարձել Մոսկվայում ԵՏՄ վարչապետերի նիստին Հայաստանի մասնակցության հարցը: Բանն այն է, որ ՌԴ վարչապետ Մեդվեդևի` ՀՀ այցելության հաջորդ օրը` ապրիլի 8-ին, պետք է Երևանում տեղի ունենար ԵՏՄ երկրների վարչապետերի նիստը, սակայն, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը զուգահեռ՝ Ղազախստանի կառավարության ղեկավարը առաջարկեց Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա:
Հիմա բնական հարց է առաջանում` ո՞րն է ճիշտ ճանապարհը. Հայաստանը պե՞տք է մասնակցի ԵՏՄ վարչապետերի նիստին, թե՞ ոչ: Եթե Հայաստանը չի գնում Մոսկվայում կայանալիք ԵՏՄ վարչապետերի նիստին, ապա սա կստանա հանրության լուրջ աջակցությունը, միաժամանակ ստացվում է, որ Հայաստանը «ատամ է ցուց տալիս» ռուսներին, ինչը վաղուց հասունացած հանրային պահանջ էր:
Մոսկվայում կայանալիք ԵՏՄ վարչապետերի նիստին գնալ-չգնալու հարցում կողմնորոշվելու համար պետք է հաշվի առնել նաև այն, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Մեդվեդևը հրապարակային խնդրեց Հովիկ Աբրահամյանին՝ մասնակցել Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ անցկացվող ԵՏՄ վարչապետերի նիստին՝ խոստանալով, որ հաջորդ նիստը ՀՀ-ում կլինի, անկախ նրանից թե ինչ խնդիրներ կլինեն: Այս դեպքում Մոսկվայի նիստին Հայաստանի չմասնակցելը կարող է նշանակել նաև Մեդվեդևի հրապարակային խնդրանքի անտեսում:
Այլ հարց է, որ նույն Մեդվեդևը «անձնական խնդրանքով» չդիմեց Ղազախստանի վարչապետին:
Ամփոփելով նշենք, որ Մոսկվայի նիստին Հայաստանի գնալ-չգնալու հարցը պետք է հանգուցալուծում ստանա ոչ թե էմոցիաներից ելնելով, այլ պրակտիկ հաշվարկների արդյունքում:
Հ.Գ. Թե ի՞նչ հետևանքներ կունենա ՌԴ վարչապետի անձնական խնդրանքի մերժումը դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ այս պարագայում Հայաստանի իշխանություններին բարդ ժամանակներ են սպասվելու:
Նարեկ Պողոսյան