Այս պահի դրությամբ Զինվորական կենտրոնական հոսպիտալում գտնվում է 36 զինծառայող, որից 4-ի վիճակը գնահատված է ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր, մնացածինը` բավարարի մոտ և բավարար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Ըստ նրա, հիմնական մասի մոտ կա դրական շարժընթաց, սակայն նա վաղ համարեց խոսել նրանց դուրս գրելու մասին, ինչի մասին հարցրեցին լրագրողները:
«Ծայրահեղ ծանր վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ծանրերի մեջ չկան հիվանդներ, որոնք գտնվում են անգիտակից վիճակում, ընդ որում, այդ ծայրահեղ ծանր վիրավորների մեջ շարքայինների թիվը կազմում է 2, նրանք Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ են»,- լրագրողներին մանրամասներ ներկայացրեց հոսպիտալի տնօրենը: