Եկեք չմոռանանք, որ հենց այդ իսլամիստ վայրագների շարքում կռվում էին բազմաթիվ ադրբեջանցիներ և թուրքեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին ասաց Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե ադրբեջանական բանակի կողմից կռվում էին իսլամիստ ահաբեկիչներ:
«Տարանջատել նրանց չի կարելի: Եկեք մեղքը չբարդենք ուրիշների վրա. ոչ, ադրբեջանցիներն էին, ոչ, հենց իրենք են իսլամիստ տերորիստները: Հենց իրենց՝ ադրբեջանցիների մեղքն է դա: Հենց իրենք են մեղավոր, հենց իրենք են տերորիստը, հենց իրենք են գլուխ կտրողները, իրենք են գերիներին գնդակահարողները, ոչ թե ինչ-որ արաբ կամ այլ մեկը»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, թե արդյոք իսկապես սա անսպասելի հարձակում էր և հնարավոր չէր կանխագելիչ քայլեր ձեռնարկել կինոռեժիսորը պատասխանեց. «Ադրբեջանի պլանը շատ ավելի մեծ էր, քան այն ինչ եղավ: Ինչ-որ եղավ, դա ընդամենը շեղող «մանյովր» էր: Գլխավոր հարվածը, որ նրանք պատրաստել էին, մերոնք՝ հետախուզությունն ու բարձրաստիճան սպաները, իմանալով, այդ շեղումին չխաբնվեցին և նրանց գլխավոր հարված հասցնող ուժը ջախջախեցին: Դրա համար էլ Ալիևը սկսեց գոռալ՝ «перемерие, перемерие»: Մինչև այդ ջախջախիչ հարվածը նա դեռ պլան ուներ, որը ես իրավասու չեմ մանրամասնել: Որպես ականատես կարող եմ ասել, որ ջախջախիչ հարված հասցվեց նրանց գլխավոր ուժին, հազարին մոտ էին նրանց զոհերը և այդ ժամանակ էր, որ Ալիևը զանգեց Մոսկվա ու ասեց՝ ես միակողմանի զինադադար եմ ուզում հայտարարեմ»:
Խոսելով առաջնագծում մարտական ոգու մասին, նա նշեց, որ երևի այդպիսի պատերազմական իրավիճակ չկա, որտեղ չլինեն դասալիքներ, բայց մենք մի դասալիք անգամ չենք ունեցել: «Մենք երբ հասանք այնտեղ առաջին բանը որ նկատեցինք տրամադրությունն էր. մի քիչ կոպիտ կհնչի բայց կարծես տոնական տրամադրություն լիներ՝ բոլորը զգաստացած էին, հանգիստ: Առաջին բանը, որ աչք ծակեց դա սպաների և զինվորների միասնական աշխատանքն էր: Ինչ-որ տեղ, չկա չարիք առանց բարիք. զինվորները տեսան, թե ինչպես են առաջնագծում սպաները իրենց մարմնով փակում զինվորներին, ոնց են նետվում մարտի»: