Մենք մեկ ավելորդ հայ անգամ չունենք կորցնելու: Երբ զոհերը շատ են լինում, մենք անմիջապես մեղադրում ենք: Մեր հրամանատարությունը և իշխանությունը, գիտեք՝ ես երբեք իշխանամետ չեմ եղել, փորձում է խուսափել ավելորդ զոհեր տալուց: Եթե մենք կարող ենք ինչ-որ խնդիր լուծել առանց զոհեր տալու, եկեք մեր երեխեքին խղճանք, չտանենք զոհենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով նոր էր վերադարձել առաջնագծից:
«էդ փոքր ձորակ է, սարի մաս է, դրա համար տանե՞նք մեր էրեխեքին զոհենք, երբ վաղը կարանք առանց մեր կողմից որևիցէ զոհի այդ ամենը հետ բերենք: Դրա համար, թողենք զինվորականի գործը, զինվորականին»,- ասաց նա:
Արշակ Զաքարյանը պատմում է մի երիտասարդ ամուսնական զույգի մասին, ովքեր ընդամենը 3 ամիս է ինչ ամուսնացել էին և երկուսն էլ զինվորական էին: Ամուսինն առաջնագիծ մեկնելու ճանապարհին մարտերի է բռնվել և զոհվել: Նրա երիտասարդ կնոջը հայտնել են միայն հաջորդ օրը:
Անդրադառնալով զինադադարի հայտարարությանը մարդկանց արձագանքի մասին, նա նշեց, որ իսկապեսդա ճիշտ որոշում էր:
«Որ մտածում էս այդ ընթացքում շարունակվում են զոհվել նաև քո զինվորները, երբ այդ պստիկ ձորակը չարժե մեկ հայի մեկ եղունգը, երբ գիտես, որ այդ ձորակը հաստատ քոնն է լինելու... ես կարծում եմ շատ ճիշտ որոշում էր, որ այդ րոպեին զինադադար հայտարարվեց»:
Ռեժիսորը նաև խոսեց այս օրերին Արցախ մեկնող բազմաթիվ կամավորականների մասին. «Շատ կարևոր բան եմ ուզում ասել կամավորների վերաբերյալ: Ազգային Գվարդիան, երբ գնաց այնտեղ, մենք ասեցինք՝ եթե պետք է, որ մենք ամանները լվանք, կլվանք, եթե պետք է մեր տղաների գուլպաները լվանք, տվեք մեր տղերքի գուլպաները, լվանք: Այսինքն, կամավորության հետ մեկտեղ նաև կարգապահություն պետք է լինի: Ոչ թե ամեն մեկը գնա ասի՝ վա՜յ, թողեք ես մի հատ ավտոմատ ձեռս վազեմ կռիվ: Այդ ժամանակ դու դառնում էս խանգարող: Եթե այնտեղ կան զինվորկաններ, ովքեր գիտեն ինչ է կատարվում: Եթե քեզ ասում են այստեղ կանգնի, դու պետք է բարի լինես այնտեղ կանգնես»:
Կինոռեժիսորը ականատես է եղել բողոքողների, ովքեր ցանկացել են առաջնագիծ գնալ:
«Երբ դուք գնում եք օգնելու, դուք պայման մի դրեք: Կամավորը չպետք է պայման դնի: Ես տեսա մի քանի դեպք, որոնք ինձ դուր չեկան և ես ինքս դուրս եկա այդ տղաների վրա խոսացի: Որովհետև դու եկել ես ծառայելու, օգնելու: Եթե տվյալ տեղամասում ինչ-որ սերժանտի են դնում իրավիճակի տերը, եթե դու անգամ նախկինում ռեմբոն ես եղել, մեկ է պետք է սերժանտին ենթարկվես»,- եզրափակեց նա: