Ապրիլի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովին և նրա ուղեկցությամբ Ստեփանակերտ ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գարիֆալիա Կանելլիին, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանին և Հունաստանի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Ողջունելով հյուրերին` Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հունաստանի և Լատվիայի խորհրդարանականների այցն Արցախ հենց այս օրերին՝ ընդգծելով, որ նրանք առաջին օտարերկրյա խորհրդարանականներն են, ովքեր ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո այցելել են Արցախ:

Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ագրեսիան որևէ կերպ չի փոխել մեր դիրքորոշումը, հակառակը՝ ավելի է հաստատել անկախ, ինքնինշխան և ժողովրդավարական պետությունն ամրապնդելու մեր նպատակը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը նշել է, որ այս կարճատև պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց Արցախի ժողովրդի և ողջ հայության հաստատակամությունը՝ պաշտպանել արցախցիների արդար պայքարը՝ հանուն ազատության և անկախության:

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին, իրենց այցը որակելով որպես խորհրդարանականի պարտականություն, ապրիլի սկզբին տեղի ունեցածը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլև՝ աշխարհում: Նա իր խոսքում նշեց, որ իրենք կանեն հնարավորը, որպեսզի ուրիշի շահերի համար, այլևս կյանքեր չզոհաբերվեն:

Լատվիա Սաեյմայի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը իր խոսքում կարևոր է համարել այն հանգամանքը, որ Արցախի ժողովուրդը միայնակ չէ և եվրոպայում ունեն համախոհներ, ովքեր կանեն հնարավորը խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Մտքերի փոխանակման ընթացքում խորհրդարանի ղեկավարը եվրոպացի խորհրդարանականներին ներկայացրել է արցախյան ազատագրական պայքարի պատմությունը և պատասխանել նրանց հարցերին՝ կապված ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հետ: