«168 Ժամ» թերթը գրում է.
«Դիվանագետների վրա քար շպրտելը, ինչպես որ հակառակորդի դիմաց կանգնած զինվորների վրա քար շպրտելը, անբարոյական է, որովհետև դիվանագետն էլ նույն զինվորն է արտաքին ասպարեզում»,- այս միտքն արտահայտել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այս տարվա փետրվարին` ներկայացնելով 2015 թվականին ԱԳՆ-ի գործունեության արդյունքները, որոնք, բնականաբար, աչքի են ընկել միայն ձեռքբերումներով: Դժվար է ասել, երկու ամիս առաջ Նալբանդյանը գիտե՞ր, կամ կռահո՞ւմ էր` ինչ է տեղի ունենալու ապրիլի 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանագծին:
Դժվար է ասել` արդյո՞ք Հայաստանի արտգործնախարարի այդքան սիրելի Ռուսաստանը (որի վարչապետը հայտարարում է, թե իրենք արբանյակից հետևում են սահմանագծին տեղի ունեցող զինուժի շարժին, ասել է թե` գիտեին, որի Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում) Նալբանդյանին տեղեկացրել էր Ադրբեջանի ագրեսիայի մասին` իմանալ-չհայտնելու պայմանով, բնականաբար: Բայց ակնհայտ է, որ «դիվանագետների վրա քար չշպրտելու» իր անսահման դիվանագիտական այդ ձևակերպմամբ Նալբանդյանը կարծես իրեն ապահովագրում էր այսօրվա քննադատությունից:
Որովհետև Նալբանդյանը կարող էր գոնե կռահել, որ ադրբեջանական ագրեսիայի դեպքում Հայաստանում ավելի շատ ու ավելի խորությամբ են սկսելու խոսել այն մասին, որ Ադրբեջանը հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին սպանել է Ռուսաստանի վաճառած զենքով: Ու, ենթադրաբար, Նալբանդյանը պետք է կռահած լիներ նաև, որ այդ մասին խոսելով Հայաստանում՝ խոսելու են նաև բոլոր այն մարդկանց, առաջին հերթին՝ ազգությամբ հայերի մասին, ովքեր տարիներ շարունակ արդարացնում էին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին:
Իսկ ինքն այդ արդարացնողների առաջամարտիկն էր, որը, ի տարբերություն հայաստանյան շատ «փորձագետների» ու «քաղաքագետների», դա անում էր միջազգային հարթակներում ու լրատվամիջոցների էջերում, ու, ամենակարևորը` օգտագործելով ՀՀ արտգործնախարարի կարգավիճակը: Երևի դրա համար էր ասում, որ «դիվանագետների վրա քար շպրտելն անբարոյականություն է»:
Իսկապես անմեղսունակության աստիճանի հասնող բարոյականությունը միայն կարող էր ստիպել չբարձրաձայնել ԵԽ ԽՎ-ում, առաջին հերթին՝ Հայաստանի խայտառակ դիվանագիտության հետևանքով ընդունված Սարսանգի ջրամբարի բանաձևի մասին, որը Նալբանդյանն անվանում էր «տեխնիկական բնույթի» փաստաթուղթ, ու որը նույն Նալբանդյանը, հղում անելով ադրբեջանական քարոզչությանը, գնահատում էր՝ որպես «թղթի կտոր»: Հետաքրքիր է, գոնե ապրիլի 2-ից հետո Նալբանդյանը հասկացա՞վ, որ այդ «թղթի կտորն» Ադրբեջանին հնարավորություն տվեց հարձակումը սկսել նաև հենց այն հատվածից, որը տանում էր դեպի Սարսանգի ջրամբար:
Հետաքրքիր է` Նալբանդյանը հասկացա՞վ, որ Լեռնային Ղարաբաղի զինուժի կողմից չկասեցվելու դեպքում, Ադրբեջանն իր ներխուժումը ներկայացնելու էր՝ որպես ԵԽ ԽՎ-ի «բանաձևի իրագործում»:
Ապրիլի 2-ից հետո հերթական անգամ ու վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանը, չունենալով արտաքին քաղաքականություն, առավել ևս, չունի արտաքին գործերի նախարարություն ու հատկապես՝ այդպիսի անվանումով նախարար: Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության բացակայության կենդանի վկայությունն է: Ապրիլի 2-ից հետո, սակայն, Հայաստանում հանրային-քաղաքական հարթությունում սկսվեցին գործընթացներ, որոնք ուղղված են կորսված ինքնիշխանության վերականգնմանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: