Սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ, որդիներ.

մենք պատմական ու հեղաբեկող օրեր ենք ապրում, որոնք բնութագրվում են ո´չ միայն անօրինակ անձնազոհությամբ ու հերոսականությամբ, ո´չ միայն ողբերգականությամբ և զինվորների ու սպաների կորստյան անչափելի վշտով, այլև միայն 1988-ի համազգային զարթոնքի հետ համեմատվող միասնականությամբ, որի առարկայական կրողները, ինչպես քառորդ դար առաջ, կրկին դարձանք մենք, ու վերստին առանց երկմտելու, մեկնեցինք մեր իսկ գծած սահմանները` կանգնելու Արցախյան ազատամարտի տարիներին դեռ չծնված մեր երեխաների` ա´յն զինվորների ու սպաների կողքին, ովքեր մահվան դեմ հանդիման մնալով համախումբ ու միասնական, աննահանջ կռվով, իսկ երբեմն` իրենց ծաղիկ կյանքերի գնով քողազերծեցին հակառակորդի նորագույն սպառազինության «հզորության» առասպելը:

Նրանց որոնեցինք մարտական հենակետերում, կրակի տակ ու զոհեր տալով որոնեցինք չեզոք գոտում, բայց քչերին գտանք, մինչև վերադարձվեցին նրանց հոշոտված մարմինները: Նրանք մե´ր երեխաներն էին ու բոլորս դարձանք որդեկորույս` կորցնելով ո´չ միայն հերոսի մահով ընկած տղաներին, այլև նրանց չծնված երեխաներին:

Անհնար է բառերով արտահայտել բոլորիս պատած այս անչափելի վիշտն ու զայրույթը, նկարագրել այն ապրումները, որն ունենում ենք մեր ազատագրած շեները կրկին ավերված ու ծխացող տեսնելիս, երբ թվում է, թե ինչ-որ մի դիվային ժամանակի մեքենա մեզ փորձում է ետ նետել դեպի անցած պատերազմի օրերը:

Հարձակման լուրը լսելուն պես, կամավորականներով, անկախ տարիքից ու առողջությունից, մեկնելով մարտադաշտ` բանակի հետ միասին մենք ջախջախել ու այսուհետ ևս կջախջախենք հակառակորդի մահաբեր հարձակումները: Բայց այսօր ո´չ միայն անձնազոհության ու հերոսության, այլ առաջին հերթին համախմբվածության ժամ է: Ինչպես բոլոր դարերում, այնպես էլ հիմա դա է մեր հաղթանակների մեծագույն գրավականը:

Եվ մենք, հիմա պաշտպանելով Հայաստանի ու Արցախի սահմանները, թիկունքում գտնվողներիդ միայն խնդրում ենք պահպանել և հզորացնել մարդասպան հորդաներին մեր սահմաններից դուրս շպրտող զինվորների ու հրամանատարների և նրանց թիկունք կանգնած ողջ հայության միասնականությունը, որպես ամենամեծ հարգանքը կոլեկտիվ սխրանք գործելով զոհված տղաների հիշատակին: Այդ դեպքում մենք կրկին հաղթանակով կվերադառնանք տուն, իսկ մեզ պատուհասած այս օրհասի օրերը կդառնան հայոց նորագույն պատմության աստեղային ժամը:

ԱՌԱՋՆԱԳԻԾ ՄԵԿՆԱԾ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ