«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ այս նիստը ապրիլի 8-ին պետք է տեղի ունենար Երևանում, սակայն ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմով պայմանավորված միջոցառումը տեղափոխվեց Մոսկվա, քանի որ Հայաստանի ԵՏՄ «գործընկեր» երկրները չէին ցանկացել այդ լարված օրերին Երևան գալ և Ադրբեջանին նեղացնել:
Նիստի վերաբերյալ տարածված հաղորդագրություններից ակնհայտ է դառնում, որ դրա ընթացքում ոչ մի կարևոր որոշում չի կայացվել և ոչ պաշտոնական խողովակներով խոստացված խիստ ելույթի մասին էլ չիմացվեց: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նիստը պարտադրված և ձևական է տեղի ունեցել, քանի որ արդեն ծրագրված է եղել: Սակայն նիստի «հմայքը» ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջարկն էր՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը գումարել մեկ ամսից՝ մայիսի 20-ին Երևանում: Ի դեպ, մինչ այդ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն առաջարկել էր հաջորդ նիստը գումարել աշնանը իրենց մայրաքաղաքում՝ Մինսկում: Բայց, ինչպես երևում է, ռուսական կողմը որոշել է հայկական կողմի առջև ունեցած «պարտքը» մարել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: