Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ռուսաստանում ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ կապը» երկրի քաղաքացիների հետ։ Նախագահին «Ուղիղ կապով» հարց տալու համար գրանցվածների թիվը հասել է մոտ 3 միլիոնի։
Հարց ու պատասխանի ժամանակ նախագահ Պուտինը խոսեց Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման և պատերազմական իրավիճակի մասին: Նա մասնավորապես ասաց.
«Շատ զգայուն թեմա է, և ինձ թվում է, որ պետք է շատ զգույշ մոտենանք այդ թեմային։ Դա վաղեմի խնդիր է, վաղեմի հակամարտություն է: Այն սառեցված վիճակում էր: Ցավոք, տեղի ունեցավ բռնության այդ պոռթկումը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք այն, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Իհարկե, այստեղ հարկավոր են Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ: Դրանք կարող են ձեռքբերվել բացառապես, ցանկանում եմ ընդգծել, քաղաքական միջոցներով: Հարկավոր է գտնել փոխզիջում: Մենք մի քանի տարի առաջ, ինձ թվում էր, մոտեցել էինք երկու կողմից այդ փոխզիջումը գտնելուն, բայց պարզվեց, որ ցավոք դա այդպես չէ:
Ռուսաստանը կաշխատի միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաև կշարունակի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով գործունեությունը երկկողմանի կարգով:
Ռուսաստանը, ով ինչ էլ ասի, շահագրգռված է այդ խնդրի լուծման հարցում, որովհետև մենք ցանկանում ենք լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»: