Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում ասվում է.
«Ապրիլյան հերոսամարտի այս օրերին, որը շարունակվելու է հայտնի չէ՝ որքան, մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանները պահող զինվորներն ու կամավոր աշխարհազորայինները հիմնականում տղամարդիկ են, ովքեր իրենց ընտանիքներին կերակրելու խնդիր ունեն: Նրանցից ոմանք թողել են իրենց աշխատատեղերը պետական հիմնարկներում, որոշները՝ մասնավոր գործատուների մոտ, որոշները իրենց հողն ու այգին և կամավոր պաշտպանում են բոլորիս:
Նրանցից ոմանք ընկան հերոսի մահով ու նրանց ընտանիքները գոյատևելու շատ լուրջ խնդիրներ ունեն:
Պետությունը պարտավորություն ունի նրանց բոլորի նկատմամբ:
Ձեր կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել
- Զոհվածների ընտանիքներին արժանապատիվ ապրելու պետական միջոցներ հատկացնելու ուղղությամբ, չեմ ասում անարժանապատիվ «նպաստ», այլ կրկնում եմ՝ արժանապատիվ ապրելու հնարավորություն:
- Պետական հիմնարկներում աշխատողների աշխատավարձերը պահպանելու.
- Մասնավոր գործատուներին հրահանգելու, որպեսզի նրանք նույնպես պահպանեն կամավորների աշխատավարձերը:
Պարոն վարչապե՛տ, հանկարծ չասեք՝ միջոցներ չունեք, չվարկաբեկե՛ք մեր զոհված հերոսների սուրբ հիշատակը:
Հայաստանի կառավարությունը այս օրհասական պահին գոնե թող ցույց տա, որ ուզում է քավել իր գործած անթիվ մեղքերը:
Գրածս պարզապես մամլո հաղորդագրություն չկարծեք, ես ընդամենը մեր ամբողջ հասարակության պահանջն եմ ձևակերպել, ով պահանջում է իրականացնել վերոնշյալ կետերը քայլ առ քայլ, սա պատասխան և լուրջ քայլեր է պահանջում»: