ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են նաև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցերը: Ռազմական կոմիտեի նիստի մասնակիցները տեղեկացվել են ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի մասին: Այդ առնչությամբ հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ նաև խաղաղ բնակչության շրջանում:
Ներկայացնելով նիստի ամփոփիչ արձանագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշել է, որ ռազմական անվտանգության սպառնալիքները ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում համալիր բնույթ ունեն և շոշափում են քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և կենսական նշանակություն ունեցող մյուս ոլորտները: Դա խաղաղության և անվտանգության ապահովման մեխանիզմները, հավաքական անվտանգության տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացնում:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նաև փաստել է, որ հաշվի առնելով ռազմաքաղաքական առկա իրավիճակը և վերջին իրադարձությունները Կովկասյան տարածաշրջանում՝ նիստի ընթացքում նախանշվել են հետագա աշխատանքները՝ ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանը:
Վերոնշյալ հարցերի առնչությամբ քննարկումներ անցկացնելու և մտքեր փոխանակելու նպատակով Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարներին ապրիլի 15-ին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Երևան կատարած այցի շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարները եղել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: