Հրազդանում ապրիլի 17-ին կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվելու, քանի որ բոլոր քվեները պաշտպանվել են, ոչ մի քվե չի կորսվել: Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը մասնավորապես ասաց. «Հրազդանում երեկ չեն եղել լցոնումներ, կրկնակի քվեարկություններ: Ընտրությունների վերահսկման այն մեխանիզմը, որ մենք ներդրել էինք, բացառում էր սկզբունքորեն նման բանը: Մենք ի գիտություն ենք ընդունում ընտրությունների արդյունքները, խնդիրը հետևյալն է, որ մենք շատ կարևոր ենք համարում քաղաքական փոփոխություններ բերելն ու փոփոխությունների հասնելը, սակայն ակնհայտ է, որ որևէ հանրությունում հնարավոր չէ փոփոխության հասնել՝ առանց հանրության մեծամասնության ցանկության: Այսօր մենք արձանագրում ենք, որ հրազդանցիների 50+1 տոկոսը փոփոխություններ բերելու պատվեր մեզ չի տվել, իհարկե, դա եղել է ընտրակաշառքի բաժանման և հարկադրանքի միջոցով»:

Նա նաև նշեց, որ եթե Արամ Դանիելյանն ընտրակաշառք չբաժաներ, հաջողության չէր հասնի: Իսկ նման արդյունքների համար իրենք ոչ ոքի չեն մեղադրում, հակառակը ներողություն են խնդրում այն քաղաքացիներից, որոնք գտնվում են սոցիալական նման ծանր վիճակում:

«Որպես կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր՝ ասում եմ, որ սա մեր ամոթն է: Մենք էլ մեր պատասխանատվության բաժինն ունենք»,- ասաց նա: