ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ապրիլի 15-ին, ուսումնական նռնակ նետելու մեջ կասկածվող անձին քիչ առաջ ձերբակալել են Շենգավիթ վարչական շրջանում: Երկրորդ նախագահի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու կասկածանքով բերման ենթարկվածը 32-ամյա Հովհաննես Մուրադյանն է:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան բակի ուղղությամբ նռնակ նետվելու մասին ահազանգն ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական ու այլ անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին, և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։