Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հերքում է արդբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանին հանձնել զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը:«Արմենպրես»-ի հետ զրույցում Վիկտոր Քոչարյանն ասաց, որ հայկական կողմում ադրբեջանցի զինծառայողի դիակ չկա: «Չկա նման բան: Հայկական կողմում դիակ չկա»,- վստահեցրեց Քոչարյանը:
Նա նաև հայտնեց, որ անհայտ կորած հայ զինծառայողի մասին տեղեկություններ չկան:
«Նորություններ դեռ չունենք: Դեռ բանակցություններ են գնում»,- նշեց Քոչարյանը:
Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և լայնածավալ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը փնտրում էր 19 անհայտ կորած զինծառայողի: Նրանցից 18-ի մարմիններն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին: Հայ զինծառայողների դիակները խոշտանգված են եղել: Մեկ զինծառայողի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: