Ազատին նոր էի քնացրել ու ուզում էի իջնել նախաճաշի, երբ Վարդանն ասեց, որ Արծրունը գրել է, որ ադրբեջանցիները հարձակվել են ու Ղարաբաղի սահմանի ամբողջ երկայնքով ռազմական գործողություններ են իրականացվում:

-Պատերա՞զմ:

-Հենց տերմինը չեն օգտագործում, բայց հա՛:

Մարմնովս սարսուռ անցավ: Ինչքան ենք մեծ-մեծ խոսացել պատերազմի /լայնամասշտաբ ռազմական գործողությունների/ մասին՝ հոգու խորքում վստահ լինելով, որ դա մեզանից հեռու է ու երբեք մեզ չի հասնի: Ազատն օրորոցում քնած էր հանգիստ...

03,04,16

Արտյոմի հետ մեքենայով երթևեկում էինք:

-Պապան պետք ա էսօր խորոված աներ, ինչի՞ փոշմանեց:

-Քուր, Ղարաբաղում տղերքը արուն են թափում... մենք էտ խորովածը ի՞նչ սրտով էինք ուտելու:

Լռում եմ, ճիշտ ա ասում, ինչի՞ մասին էի մտածում: Իսկ դիմացից մեքենա է գալիս կապույտ ու սպիտակ փուչիկներով զարդարված:

-Տենաս չի ամաչում, ինչ ա մտածել, որ սենց զուգել զարդարել ա մեքենան:
Մեքենան շրջվում է Էրեբունի ծննդատան կողմ:

-Երևի տղայ ա ունցել, Ծյո՛մ, մի նեղվի: /ասում են ասմի 2-ի լույս 3-ի գիշերը մենակ Էրեբունի ծննդատանը 20 ծնունդ է եղել/:

04,04,16

Վարդանից անընդհատ հարցնում եմ նորություն չկա՞ ու հեռախոսն էլ անընդհատ ձեռքումս ա ու Արծրունի, Սամվել Մարտիրոսյանի ու Սերգեյ Չամանյանի գրածներն եմ կարդում: Ու news feed-ում ոնց են ինձ հունից հանում իրավիճակի ամբողջ լրջությունը չհասկացողները՝ աղջիկներ, որ նույնիսկ նման պահերին տրենդի մեջ մնալու համար չէին մոռանում դակ ֆեյսով նկարվել զինվորական համազգեստ հագած ու տղաներ, որոնք տարին կլոր ազնիվ եվրոպացի հարկատուների հաշվին ֆռֆռում են եվրոպաներում, /երևի չեն էլ ծառայել բանակում, զենք բռնելու ձև չգիտեն/ բայց եվրոպացի նույն ազնիվ հարկատուներին դուրեկան մնալու համար տոլերանտի քուրքն են քաշել վրաները ու ճարտար լեզվով հայ-ադրբեջանական եղբայրության մասին են գրում: Իսկ սահմանին մարմիններ են խեղվում, գլուխներ են կտրվում ու 12 տարեկան երեխաներ են մահանում ու անտուն մնում: /Կարելի է Ալիևին մեղադրել պատերազմը սկսելու մեջ, բայց հայ զինվորի գլուխ կտրող բարբարոսը ալիևը չի, այլ ադրբեջանցի զինվորն է/

Ազատն ինձանից ավելի շատ ուշադրություն է պահանջում ու ես ավելի ամուր եմ իրեն սեղմում ինձ, կարծես կարոտած լինեմ ու կարոտս չառնեմ: Մեր սահմանները քաջ տղամարդիկ են հսկում տղես, դու հանգիստ քնի: Հա՛, տղամարդիկ, որովհետև մենակ տղամարդը կարա կանգնի զենքը ձեռքին, գիշերն անքուն, աչքի առաջ արյուն ու մահ ու միայն տղամարդը կարա նման իրավիճակում ժպտալ լուսանկարիչ լրագրողին, որ հանկարծ նկարը տարածվի՝ մայրն իրեն, սահմանին կանգնած, ժպտացող տեսնի ու բոլորովին նշանակություն չունի, որ այդ տղամարդը 18 տարեկան է...

... Առաջին զոհերի մասին լուրերից հետո գործի են անցնում մեր հանճար լրագրողները: Ու նորից ինձ հունից հանում են այն պատմությունները, թե ծնողներն ու հարազատները պատմել են թե ինչպիսին է եղել... Աստծո սիրուն, դուք խիղճ ունե՞ք: Թողեք էտ մարդկանց, ես չեմ հասկանում, ոնց կարելի է պատերազմում որդի կորցրած ծնողին հարցնել, թե ինչպիսին էր իր երեխան: Եթե շատ է հետաքրքրում գնա մի երեխա ունեցի, գիշերները մի քնի, պահի փայփայի ամեն առաջին քայլի ու ունակության վրա ուրախացի, գրկի նստի ու նստածդ տեղը իմացի, որ հայրենիքիդ վրա հարձակվել են ու հայրենիքիդ սահմանները հսկող զինվորներ են մահանում ու էտ ժամանակ էլ սգացող ծնողին չես հարցին, թե ինչպիսին էր իր զավակը, որովհետև կիմանաս, որ ամեն ծնողի համար իր երեխան ամենալավն է, ամենախելացին, քաջը, ուժեղը, համարձակը, ճկունը, հայրենասերը... Ամեն ծնողի համար իր երեխան իր տան ճրագն է, լույսը, հավատը, ապագան, կյանքի ու ապրելու իմաստը... ու կապ չունի թե այդ երեխան քանի տարեկան է:

Պատերազմի օրերին բոլորը համախմբվեցին, որովհետև վտանգվել էր մեր հայրենիքի խաղաղությունը և ով ինչով կարող էր փորձում էր օգնել առաջին գծում կանգնած տղամարդկանց: Բայց համախմբման այս պահը անցավ ու մարդիկ սկսեցին Ղարաբաղն ու պատերազմը որպես PR-ի միջոց օգտագործել: Ակտիվ գործողություններով 4 օրյա պատերազմն անցավ ու այդպես էլ մեզ ու մեր կառավարությանը ոչինչ չսովորեցրեց: Կառավարությունը շարունակում է խեղկատակ ընտրություններ անցկացնել: Հասարակությունը շարունակում է Հայրենիքի ու կառավարության միջև հավասարության նշան դնել: Շուտով կմոռացվեն պատերազմի ընթացքում վիրավորված զինվորները ու մի սիրուն օր կիմանանք, որ էտ տղերքից մեկին հակակառավարական խոսքի համար բանտարկել են, մեկուրիշին այլ պատճառով դանակահարել... Զոհվածների ընտանիքները կարիքի մեջ են, իսկ կառավարությունը հույսը նորից դրել է 80000 դրամ աշխատավարձ ստացող հասարակ քաղաքացու ու սփյուռքի վրա, որ սրանք 1000-ական դրամ կհավաքեն ու կօգնեն կամ չեն օգնի կարիքավորներին: Կառավարության անդամներն ու իրենց բարեկամները կշարունակեն թալանել հասարակ ժողովրդին: Մեր ընտրությունները կշարունակեն կեղծվել: Մենք կշարունակենք ինտեգրվել մեզ համար վտանգավոր վերազգային կազմակերպություններ ու ավելի կմխրճվենք ճահիճի մեջ ու խոպանչին էլի կգնա խոպան ու մի սիրուն օր էլ, արդեն շատերի նման, հետ չի գա: Ու կառավարության անդամները երևի էտ ժամանակ իրանց երեխեքին կուղարկեն առաջին գիծ, արդեն ոչ թե սելֆի անելու այլ զենք բռնած թշնամու դեմ պատերազմելու, կամ էլ ուղղակի Հայրենիքը կհանձնեն 99 տարով վարձակալության ու իրենց ընտանիքներով կթռնեն պանամա:

Հիշում ենք ու հպարտանում... կանցնի ժամանակ ու մենք առիթից առիթ կսկսենք հիշել ու հպարտանալ, բայց միայն միջոցառումների ժամանակ ու միայն խոսքերով: Ժողովուրդն ասում է. <<Ինչ լինում է մեռնողին է լինում>>...

ՀԳ. Գեներալներն ու զինվորները երբեք չեն հաղթել պատերազմները, պատերազմները հաղթում են դիվանագետները:
...
Թող խաղաղություն լինի Հայոց աշխպարհում, թող անմար մնա ընկածների հիշատակը, դիվանագետները սեղանի շուրջ նստած հաղթեն այս արնախում պատերազմը, որ իմ հասակակիցների տղեն էլ էսօրվա սահմանին կանգնած զինվորների դժոխային ճանապարհը անցնելով տղամարդ չդառնան: