«Հրապարակ» թերթը գրում է.

«Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀԿ խորհրդի վերջին նիստից, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի դասերին՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ հարձակումն սկսել են ադրբեջանական բազմաքանակ էլիտար-առաջնամասային զորքերը՝ 14 ուղղաթիռներով, որոնցից առաջին երկուսը խփվել են մերոնց կողմից, ինչն էլ անակնկալի է բերել ադրբեջանական կողմին, քանի որ մարտի առաջին վայրկյանները շատ որոշիչ են հետագա մարտի համար։ «Բոլոր դեպքերում, մենք առաջիկայում սահմանագծում պետք է մեծացնենք մեր պայմանագրային ծառայողների քանակը, մեր պրոֆեսիոնալները ևս պետք է առաջին գծում շատ լինեն»,– ասել է պաշտպանության նախարարը։ Խոսվել է նաև «80-ականների զենքի» մասին։

Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե ես ասել եմ՝ 80-ականների, դա հո չի՞ նշանակում, որ այդ զենքը վատն է, ինչ է՝ այսօր Կալաշնիկովով չե՞ն կրակում, «Գրադը» դեռ մի 60-70 տարի էլ կհամարվի լավագույն զենք, խնդիրն այլ է՝ հենց Էդտեղ է պետք նաև Հայաստանի կողմից Ղարաբաղի ռազմական փոխօգնության պայմանագիրը, որը պետք է կնքել, որպեսզի իրավական հիմքը միջազգային հանրության համար ապահոված լինենք։ Իհարկե, կցանկանամ իմանաք, որ մենք ունենք նաև ժամանակակից տեխնիկա և շատ լավ զինատեսակներ»։ Ի դեպ, ամենակրեատիվ հարցը հանդիպման ընթացքում եղել է ծնունդով ղարաբաղի Համլետ Հարությունյանինը. ի շարս այլ մանրամասների՝ նա ցանկացել է նաև «իմանալ». «Հետախույզ Հովակիմյանն Ամերիկայից միջուկային զենքի գաղտնիքը բերեց Սովետ, Սովետը ևս միջուկային զենք ունեցավ, պարոն նախագահ, մենք քանի՞ հետախույզ ունենք Բաքվում»։ Սերժ Սարգսյանն անգամ չի ժպտացել, անվրդով ասել է. «Համլետ, հիմա ես, ըստ քեզ, պտի ասե՞մ ինչ ունենք-չունենք»»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թրթի այսօրվա համարում: