Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը սահմանել է ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները: Ըստ հիմնավորման՝ 2015թ. հունիսի 18-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մաuին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մաuին» ՀO-72-Ն ՀՀ oրենքի համաձայն նախատեսվել է ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու հնարավորություն` ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին, որի կարգը և պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը: Որոշմամբ կանոնակարգվում են օտարերկրյա պետությունում զինծառայողին բուժման ուղարկելու գործընթացը, բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարի ձևավորման, հատկացման և դրա հետ վերադարձնելիության հետ կապված հարաբերությունները: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Առաջարկվել էր, որ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, բայց այս որոշմամբ հանրապետությունից դուրս բուժման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինծառայողների բուժման ծախսերը կառավարությունը վերցնում է իր վրա»: