Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունը հաստատել է նաև «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրը համապատասխանում է պետական քաղաքականության հայեցակարգային նպատակներին, խնդիրներին և ուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը: Ծրագրային միջոցառումների իրականացումը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, առաջիկա տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների 5% աճի ապահովմանը:

Գործադիրը հաստատել է ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է համապատասխանության կամավոր գնահատման համակարգի օրենսդրական դաշտի հիմնում, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքի որակական ցուցանիշների բարձրացում, չափումների միասնականության ապահովման ոլորտում միջազգային ցուցանիշներին համապատասխան հետևելի չափումների իրականացում, հավատարմագրման ազգային մարմնի միջազգային ցուցանիշներին համապատասխանեցում: