Իսկ ո՞ւմ պետք է տանք հերոսի կոչում, եթե ոչ զոհված զինծառայողներին: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց Արցախի ազատամարտի մասնակից, «Կարին» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Մեր ներկայիս նախագահը իր իշխանության օրոք տվել է միայն մեկ հերոսի կոչում. Հայաստանի հերոս է շնորհվել Նիկոլայ Ռիժկովը: Այսքան պատերազմներից, այսքան ինքնազոհաբերվող տղաներից հետո... կարող ենք թվարկել ու թվարկել: Նիկոլայ Ռիժկո՞վն է պահել մեր երկիրը: Նա ընդհանրապես կապ չունի անկախ Հայաստանի հետ: Նա 1988թ.-ին կատարել է իր պաշտոնական պարտականությունները աղետի գոտու վերացման ուղղությամբ, ինչը մինչև օրս չի վերացել, այդքան լավ է կատարել իր պարտականությունները, դրա համար ստացել է հերոսի կոչում:

Նշենք, որ նա նաև ասել է. «Տարածք գոյություն չունի, կա հայրենիք, որը վերադարձնելու հարց չպետք է բարձրանա հայ մարդու կողմից, առավել ևս մտավորականի: Կաևոր նշանակություն չունեցող դիրքեր մնացել են նրանց ձեռքում և մենք խոսո՞ւմ ենք հաղթանակից: Կաևոր նշանակություն չունեցող դիրքեր չեն լինում. ամենաաննշան դիրքերն անգամ նրա համար են, որպեսզի կամ ազատագրվեն, կամ պաշտպանվեն կարևորություն ունեցող դիրքերը: Պատերազմի դաշտում աննշան դիրքեր և տարածքներ չեն լինում. կամ լինում է հայրենիք, կամ, եթե դա մեր հայրենիքը չէ, օր առաջ վերադարձրեք տերերին»: