«168 ժամ» թերթը գրում է.
««Վաղը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է, որը, ինչպես ամեն տարի, նշվելու է առանձնահատուկ կերպով։ Գուցե ոչ այնքան, որքան անցած տարի՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, բայց, ամեն դեպքում՝ մենք Ցեղասպանության տարելիցը նշելու ձևը լավ գիտենք ու կարողանում ենք աշխարհի առաջ միասնաբար, առանձնակի համախմբվածությամբ ներկայանալ զոհի կարգավիճակով։ Ներկայանալ ու պահանջել։ Պահանջել ու ոչինչ չանել։ Որովհետև պահանջելը պասիվ գործողություն է, իսկ որևէ բան անելը ենթադրում է մտքի, ուղեղի աշխատանք, ստեղծագործականություն ու կամք, վճռականություն, ի վերջո։ Բայց մենք վճռական ենք զոհ լինելու ու որպես զոհ ներկայանալու հարցում միայն։ Որովհետև հաղթողի, չպարտվածի ու չցեղասպանվածի դերում հայտնվելու համար պետք է նախ՝ հաղթել, չպարտվել ու չցեղասպանվել։ Ոչ միայն՝ ֆիզիկապես, այլ առաջիս հերթին՝ բարոյապես։ Բայց բարոյականությունից մեզ հոգեհարազատ է միայն հաղթանակը՝ բարոյական, որը նույնն է՝ ինչ ֆիզիկական պարտությունը։ Ապրիլյան պատերազմի 4 օրերիս հայ հասարակությունը՝ Զինված ուժերի գլխավորությամբ, ցույց տվեց, որ չի ցանկանում հերթական անգամ հայտնվել զոհի դերում, դրսևորեց իրական, շատ ֆիզիկական համախմբվածություն ու հետ մղեց ադրբեջանական ագրեսիան։ Բայց ընդամենը մի քանի օր էր պետք, որպեսզի այդ ագրեսիան տրանսֆորմացվի ռազմaվարադաշնակցային ագրեսիայի, որի դեմ պետք է պայքարի ոչ թե՝ հասարակությունը, այլ՝ իշխանությունը, որը, սակայն, այդքան համարձակություն ու կամք չունի։
Որովհետև Ադրբեջանին զինող Ռուսաստանին Հայաստանն անհրաժեշտ է ոչ թե՜ հաղթողի ու թելադրողի, այլ՝ զոհի ու մուրացողի կարգավիճակում։ Որովհետև Ռուսաստանը 100 տարի իր տարածաշրջանային քաղաքականությունը կառուցել է հենց այդ՝ հայերի՝ պոտենցիալ զոհ լինելու ու «ռուսական պաշտպանության» առասպելի հիման վրա։ Բայց անցած մի քանի շաբաթներին հայ հասարակության՝ 100 տարի շարունակ լվացված ուղեղը միանգամից մաքրվեց, պարզվեց, ու հասարակությունը դադարեց հավատալ այդ առասպելին։ Դրա համար էլ ռուսներն առանձնակի «սրտացավությամբ» են այս օրերին խոսում Հայոց ցեղասպանության մասին, դրա համար Լավրովը սովորականից ավելի շատ է կռանում Ծիծեռնակաբերդում դրված ծաղկեպսակի առաջ… Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակումն ու ոգեկոչումը, իհարկե, բոլորիս պարտքն է։ Բայց բոլորիս պարտքը պետք է լինի նաև վերջապես գիտակցելը, որ անթույլատրելի է պետության քաղաքականությունը կառուցել միայն Ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակադրման վրա, որ անթույլատրելի է հրճվել այլոց կողմից Թուրքիայի հետ սեփական հաշիվները պարզելու նպատակով Հայոց ցեղասպանությունը շահարկելու դրսևորումների վրա։ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենաառարկայական դրսևորումը նորմալ, հզոր պետության կառուցումն է, որը դասեր քաղած կլինի պատմությունից ու վերջապես կկարողանա տարբերել դաշնակցիս՝ թշնամուց, ու բարեկամին՝ օգտագործողից։ Այլապես հայ ժողովրդի հավաքականության ու միասնականության միակ առիթը մնալու է ապրիլի 24-ը, որի կարգախոսը, այսօրվա քաղաքականության շարունակականության դեպքում, դառնալու է «Հիշում ենք և նահանջում»–ը»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: