Հերթական հարցաքննության ժամանակ, երբ քննիչը նշել է, որ Պերմյակովի պատմածն ու վարքը չի համապատասխանում իրականությանը,Պերմյակովը նշել է. «Թքած ունեմ ձեր կարծիքի վրա»:
Երեկ Գյումրիում` 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Ցուցմունքներից պարզ դարձավ, որ ծառայության վայրը լքելու միակ պատճառը եղել է կարոտը: Զենքն իր հետ վերցնելով` Պերմյակովը նպատակ է ունեցել հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել:
«Կարծում էի` կկարողանամ հասնել Չիտա, իսկ այնտեղ ենթադրում էի` ոչ ոք չի գտնի: Ես նպատակ չունեի սպանություն կատարելու, պարզապես ցանկանում էի վախեցնելով քաղաքացիական հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել»,- ասել է նա:
Նա նշել է, որ մինչև Ավետիսյանների բնակարան մտնելը մոտ հինգ րոպե ուժեղ թակել է դուռը, բայց երբ արձագանք չի եղել, իր մոտ եղած դանակի օգնությամբ պատուհանի ապակին հանել ու ներս է մտել: Ուշագրավ է նաև այն, որ Ավետիսյանների տան մոտ ինքնաձիգը ձեռքին իրեն մի մարդ է տեսել, բայց ոչինչ չի ասել: Նույնիսկ ինքն է զարմացել, որ որևէ բան չի ասել,սակայն մյուս ցուցմունքներում այդ մարդու մասին չի նշել, նմանատիպ հակասական ցուցմունքներ էլի կային: