Ապրիլի 23-ի կեսօրից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սկսված հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը:
Նշված ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (16 արկ), 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետերից, 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից տիպի հրանոթներից (19 արկ) և TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (25 արկ) ինտենսիվ կրակ է վարել պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ:
Հատկանշական է, որ հակառակորդն իր նախահարձակ գործողությունների թիրախ էր ընտրել ոչ միայն մարտական դիրքերը, այլև Մատաղիս բնակավայրը: Դ-30 տիպի հրանոթից արձակված մեկ արկ ընկել է գյուղի տարածքը: Բարեբախտաբար կորոստ չի եղել:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և հակառակորդ կողմի զսպման գործողությունների:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած վերոնշյալ նախահարձակ գործողությունները մեկ անգամ ևս փաստում են, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել ս.թ. ապրիլի 5-ից կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և նպատակաուղղված սրել իրավիճակն առաջնային գծում: