«Ավրորա» մրցանակը և իրական Ավրորան... Ներկայացնում ենք Ավրորա Մարդիգանյանի 1929 թվականին արված բացառիկ լուսանկարը: Այսօր Երևանում հանրահայտ դերասան Ջորջ Քլունին կհանձնի անդրանիկ «Ավրորա» համաշխարհային մրցանակը, որի անվանումն ընտրվել է ի պատիվ հենց Ավրորա Մարդիգանյանի (նույն ինքը՝ Արշալույս Մարտիկյան): Մրցանակը տրվում է մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու և խրախուսելու նպատակով, այն բացառիկ անհատներին, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով` հնարավորություն են տալիս գոյատևել ուրիշներին:
Իսկ ո՞վ էր Ավրորա Մարդիդանյանը: Ավրորան տակավին դեռատի աղջնակ էր, երբ 1915-ին ականատես եղավ Հայոց ցեղասպանության ընթացքում գործած թուրքական անասելի բարբարոսություններին: Հրաշքով փրկվելով և տեղափոխվելով ԱՄՆ, Ավրորան կարողացավ իր մեջ ուժ գտնել և իր կյանքը նվիրել մարդասիրական օգնություն ցուցաբերելու ու ցեղասպանության մասին որպես ականատես բարձրաձայնելու գործին: 1918-ին անգլերեն լեզվով լույս է տեսնում Ավրորայի հուշերի հիման վրա գրված «Հոշոտված Հայաստան» գիրքը:
1919-ին էկրան է բարձրանում ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելի՝ Ավրորայի հուշագրության վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» խաղարկային համր ֆիլմը: Ավրորային այդ ֆիլմում վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և պատմության մեջ փաստացի դառնալու առաջին հայ կինոդերասանուհին: Ֆիլմը, որն ուներ նաև բարեգործական առաքելություն, բացառիկ հաջողություն ունեցավ՝ մոտ 30 մլն ամերիկյան դոլարի հասույթ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի նպաստամատույցի տասնյակ հազարավոր հայ որբերի կենսաապահովման կազմակերպմանը:
Ռուբեն Շուխյան