Տավուշում այսօր տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությունից 110,000 հայ որբերին փրկած դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի մահվան 55-րդ տարելիցին և ցեղասպանության նահատակ սուրբերի հիշատակին նվիրված միջոցառում:
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ Իջևան քաղաքի Սուրբ նահատակաց բաց խորանի սուրբ սեղանի օծումը, որն Իջևան քաղաքում Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող գլխավոր խորհրդանիշն է:
Խորանը կառուցվել է 2014թ՝ հովանավորությամբ մոսկվաբնակ իջևանցի եղբայրներ Արմեն և Արտակ Իսկանդարյանների: Ճարտարապետ-նախագծողներն են Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը և մարզի ճարտարապետ Միսակ Մելքումյանը:
Միջոցառումը շարունակվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ Հայաստանում Մարի Յակոբսենին նվիրված միակ հուշարձանի մոտ, որը զետեղված է ԵՊՀ ԻՄ բակում: Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները՝ ռեկտոր Սամվել առաքելյանի գլխավորությամբ, Տավուշի թեմի հոգևոր դասը, Դանիայի թագավորության հյուպատոսության ներկայացուցիչներ՝ Պատվավոր հյուպատոս Պարոն Գագիկ Գյուլբուդաղյանի գլխավորությամբ, Դանիական Հայկական բարեգործական առաքելությունը՝ ղեկավար Նանե Խաչատրյանի գլխավորությամբ և այլք:
1882 թ. ծնված Մարիա Յակոբսենը Օսմանյան կայսրության տարածքում 1890-ականներին իրագործված համիդյան ջարդերի մասին տեղեկանում է պատանի տարիքում, ինչից հետո բուժքույրության դասընթացներ ավարտելով՝ համալրում «Կանանց առաքելության աշխատողներ» (Kvindelige Missions Arbejdere (KMA)) կազմակերպության շարքերը և ուղևորվում Թուրքիա։ Նա առաջինն էր գթության քույրերից, ով հասավ Խարբերդ. դա համընկավ իր 24-ամյակի հետ։ Դեռ նոր էր անցել գործի, երբ տեղի բժիշկները նրան արդեն անվանում էին «փրկության հրեշտակ»։ Թեպետ նրա համար ծանր էր բարձրադիր վայրերում աշխատելն ու երկար ճանապարհ կտրելը, դա ոչինչ էր 1915-ին սկսվածի համեմատ։
Ցեղասպանության ալիքը հազարավոր երեխաների բերեց նրա մոտ։ Նա միանձնյա ստանձնեց հիվանդանոցում տեղավորված հազարավոր որբերի խնամքը, երբ պատերազմին Միացյալ Նահանգների ներգարվման հետևանքով ամերիկյան անձնակազմն ստիպված եղավ լքել կայսրության տարածքը: Ինչ-որ մի պահի Յակոբսենը կերակուր էր տալիս օրական 4500 երեխայի։ Չափազանց դժվար է կարդալ այդ օրերի մասին նրա հուշերը. «Ես կարծում էի՝ այլևս երբեք չեմ ժպտա»,- գրում է Մարիան՝ պատմելով տեղի պակասիպատճառով մի տղայի մերժելու մասին, որին հետո գտան սովից մեռած։ «Սիրտս կտոր-կտոր էր եղել»,- պատմում է նա՝ նկարագրելով մի դեպք, երբ ոստիկանները, որոնք նաև մասնակցում էին հայերի հետապնդումներին, իր դուռն են բերում պատառոտված ոտքերով ու մերկ մի փոքրիկ աղջնակի։
Տեղեկանալով, որ Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը (Near East Relief) ձեռնարկել է 110,000 երեխաների Թուրքիայից տարհանելու գործը՝ Մարիան, վտանգը մի կողմ թողած, շտապ վերադառնում է Մերձավոր Արևելք և սկսում զբաղվել որբահավաքությամբ։ Թուրքիա մուտքի արտոնագիր չստանալով՝ նա ուղևորվում է Լիբանան և շուտով հիմնում հետագայում մոտ 200 հայ երեխա պատսպարած «Թռչնոց բույն» որբանոցը. Մարիայից մշտապես քաղցրավենիք խնդրող երեխաները նրան հիշեցնում են ձվից նոր դուրս եկած քաղցած թռչնակների։
Այցելուները պատմում են, որ «Թռչնոց բույնն» ավելի շատ դպրոց էր, քան որբանոց, անթերի մաքուր էր ու կարգապահ, երեխաները դաս էին սովորում, իսկ աղջիկները՝ նաև հմտանում ասեղնագործության նրբություններում։ Զարմանալի է, բայց հաստատությունը գործել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1950 թ. Յակոբսենը դարձավ առաջին կինը, ով մարդասիրական աշխատանքի համար պարգևատրեց Դանիայի թագավորության ոսկե մեդալով։ Մարիան վերջին անգամ հայրենիք է այցելել 1957 թ., իսկ մահացել է 1960 թ., «Թռչնոց բույն» որբանոցում։ Իր ցանկությամբ՝ աճյունն ամփոփվել է որբանոցի բակում։
-Հնարավոր է այստեղ հավաքված մարդկանց մեջ լինեն նրանք, ովքեր Մարիա Յակոբսենի ցանած ծիլերի արդյունքն են, նրա ծոռներն են, խոսքի մեջ նշեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը: Նաև հավելեց,- Մարիա Յակոբսենի փրկած յուրաքանչյուր մանուկ մի երևույթ է, մի ընտանիք է, մի օջախ:
Դանիայի թագավորության հյուպատոսությունը Պատվավոր հյուպատոս Պարոն Գագիկ Գյուլբուդաղյանի գլխավորությամբ Մարիա Յակոբսենի գերեզմանից հող էր բերել ԵՊՀ ԻՄ, համալսարանականները խոստացան, որ այդ հողն իրենց համար սրբազան մասունք կդառնա:
ԵՊՀ իջևանի մասնաճյուղում սահմանվելու է Մարիա Յակոբսենի անվան կրթաթոշակ այն ուսանողների համար, ովքեր աչքի կընկնեն բարեգթությամբ, բարեսրտությամբ և միջավայրի նկատմամբ բարի ցանկություններով:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Մարիա Յակոբսենին նվիրված ֆիլմի և անձնական իրերի ցուցադրություն:
Միջոցառումն ավարտին Դանիական Հայկական բարեգործական առաքելությունը՝ ղեկավար Նանե Խաչատրյանն ընթերցեց Մարիա Յակոբսենի աղոթքների գլխավոր հիշատակությունը «Տեր Աստված, թող այս մանուկները փուչիկի պայթյունից ավելի ուժեղ ձայն չլսեն»:
Տավուշի թեմի առաջնորդի օրնությամբ և պատգամով փակվեց հիշարժան հանդիսությունը:
Տավուշի Թեմ-ՏաՀույս ֆեյսբուքյան էջից։