ԱՄՆ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Մեկնաբանելով փաստը, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոստումը չկատարեց ու դարձյալ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, դեսպանն ասել է. «Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Նա դեպքերը որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը: ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիարժեք, ամբողջական և արդարացի ճանաչմանը: ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք և ամբողջական կերպով ճանաչվեն դեպքերը»:
Նշենք, որ նախագահ Օբաման ասել էր. «Հանդիսավոր կերպով ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագության` Հայոց Մեծ եղեռնի հիշատակը, երբ միլիոն ու կես հայերի տեղահանել, կոտորել և արտաքսել են Օսմանյան կայսրության վերջին օրերին:
Հարգելով 1915-ի մռայլ օրերին տուժած մարդկանց հիշատակը և պարտավորվելով սովորել այս ողբերգությունից, որպեսզի այն երբևէ չկրկնվի, հարգանքի տուրք ենք մատուցում նաև նրանց օգնության հասած մարդկանց, որոնց թվում էր ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, ով իր ձայնը բարձրացրեց` փորձելով վերջ դնել բռնությանը: Նման ձայները, ինչպիսին Մորգենթաուինն է, շարունակում են կարևոր լինել վայրագությունների կանխման գործում»: