Այսօր քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետին հանձնարարեց դպրոցների տնօրենների հետ աշխատանք տանել անչափահասների՝ հատկապես քաղաքական տրամադրություններ ունեցող միջոցառումներին մասնակցությունը չթույլատրելու ուղղությամբ: Կարծում եմ՝ նկատի ուներ Շահեն Հարությունյանին և նրա տարիքի երիտասարդներին, ովքեր 17-18 տարեկան են, դեռևս դպրոցական ու նախանձելիորեն՝ համարձակ: Ուրեմն հիշեցնեմ պարոն Մարգարյանին, որ Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն ու իր շատ համախոհ երիտասարդներ Խորհրդային Հայաստանում այդ տարիքում արդեն պայքարում էին Հայաստանի անկախության գաղափարները տարածելու համար, և նրանց ցանած սերմերից, ի դեմ Շահենի, ծնվել են այն երիտասարդները, ովքեր շարունակում են իրականացնել ազատ ու անկախ Հայաստան պետության՝ Աշոտ Նավասարդյանի ու իր համախոհների տեսլականը, որը տարօրինակ կերպով չի համընկնում այսօրվա ՀՀԿ-ի տեսլականի հետ: 18 տարեկան այս երիտասարդներն են հուլիսին զորակոչվելու հայկական բանակ ու զենքով են պահելու իրենց արժանապատվությունը, ինչպես այսօր են անում: Այնպես որ, նրանց ընդամենը կարող եք խելամտորեն ուղղորդել, պարոն Մարգարյան, Դուք չե՛ք կարող թույլատրել կամ չթույլատրել նրանց ունենալ իրենց համոզմունքները, իսկ օրինակ վերցնել իհարկե կարող եք Անդրանիկ Մարգարյանից:
Հ.Գ. Ի դեպ, այս գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պարոն Մարգարյանը հանձնարարեց անշարժ գույքի և սոցիալական վարչության պետերին ուսումնասիրել երևանաբնակ զոհված զինծառայողների բնակարանային պայմանները՝ բնակարանով նրանց ապահովելու նպատակով:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյան