Տնտեսական խորը ճգնաժամում հայտնված Ադրբեջանը պետական մակարդակով հարկադրաբար փող է հավաքում սեփական բանակը պահելու և զինելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով azadliq.org լրատվական կայքը, մասնավորապես, Ադրբեջանի կրթության նախարարությունը զինված ուժերին օգնության նպատակով ուսուցիչների աշխատավարձից, առանց նրանց տեղեկացնելու, պահումներ է սկսել կատարել` փոխանցելով դրանք ԶՈւ օգնության հիմնադրամին: Կայքին այդ մասին հայտնել են իրենց անունները հրապարակել չցանկացած մի խումբ ուսուցիչներ:
Փաստը հաստատել է նաև Ադրբեջանի ԿԳ տեղեկատվական ծառայության ղեկավար Ջեսարեթ Վալեհովը` Facebook-ի իր էջում գրառելով, թե իբր, ուսուցիչները դա անում են «սեփական նախաձեռնությամբ»:
Նավթի համաշխարհային գների անկման պատճառով նավթային նախկին հսկայական եկամուտներից զրկված Ադրբեջանը ստիպված, նախորդ տարվա համեմատ, երկու անգամ կրճատել է 2016 թվականի իր պետբյուջեի ծավալը` զգալիորեն նվազեցնելով նաև զինված ուժերին հատկացումները:
Ադրբեջանական Վիճպետկոմի տվյալներով` 2016 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանից արտահանվել է 85 մլն դոլարի նավթամթերք, ինչը 57,3 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում եղած ցուցանիշից:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ` 2016 թվականին Ադրբեջանի արտաքին պարտքի չափը կգերազանցի ՀՆԱ-ի 30 տոկոսը: ՀԲ-ն միջին հեռանկարում Ադրբեջանի ընդհանուր պարտքերի աճ է կանխատեսում:
ՀԲ-ն կանխատեսում է, որ Ադրբեջանի ընդհանուր պարտքերը 2017 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 35,6 տոկոսը, 2018 թվականին` ՀՆԱ-ի 54,7 տոկոսը:
Ադրբեջանի կառավարության հայտարարությունների համաձայն` 2016 թվականի սկզբներին Ադրբեջանի արտաքին պարտքի ծավալը կազմել է ՀՆԱ-ի 19,8 տոկոսը: Այդ ցուցանիշը 2015 թվականի սկզբներին կազմել էր 8 տոկոս:
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել էր մոտ 7 մլրդ դոլար:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետևանքով ադրբեջանական մանաթի 100 տոկոսով արժերկման պատճառով 2016 թվականի հունվար-փետրվարին Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունը սկսել է արագորեն անկում ապրել,վարկային փոխառուների թ իվը հասել է 2,6 մլն մարդու:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: