Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը Կառավարության նիստի ժամանակ շնորհավորելով կառավարության նոր կազմին, ասաց.

«Վերջին մեկ տարվա ընթացքում, մենք անցել ենք երեք խոշոր ընտրական գործընթացների միջով: ԱԺ ընտրությունների արդյունքում ունեցանք ներկայանալի խորհրդարան, նախագահական ընտրությունների արդյունքում ունեցանք նոր քաղաքական մշակույթ , իսկ վերջին ավագանու ընտրությունների արդյունքում քաղաքացին ապացուցեց, որ ինքը պահանջում է կոնկրետ աշխատանք և այդ աշխատանքը գերադասում է շոուներից: Յուրաքանչյուր ընտրություն փորձություն է մեր երկրի համար, այժմ մեզ սպանում է ամենաբարենպաստ ժամանակահատվածը` ամբողջովին նվիրվելու մեր աշխատանքին, մենք պետք է թեթևացնենք մարդկանց հոգսերը և ունենանք ավելի ապահով Հայաստան:

Այս կառավարությունից մեծ ակնկալիքներ ունեմ: Հիմքեր ենք նախապատրաստել` լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով, այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, հարցնելու ենք, ոչ թե ի՞նչ է արվել, այլ արվածը ի՞նչ արդյունք է տվել: Այդ արդյունքները պետք է լինեն չափելի և տեսանելի:

Չափելի են համարվելու աշխատավարձերի և թոշակների ավելացումը, ստացված պետական համակարգի օպտիմալացումը, մարդկանց սոցիալական խնդիրների լուծումը: Խնդրում եմ գիտակցել, որ ձեր հաջողությունից շատ ու շատ բան է կախված:Մենք շատ ու շատ խնդիրներ ունենք  և միասին մենք հնարավորություն կունենանք տեսանելի ապագայում խոսելու ավելի ընդլայնված կազմով:

Հաջողություն եմ մաղթում բոլորիդ` հույս ունեմ, որ բոլոր գերատեսչությունների աշխատողները մեծ պատասխանատվությամբ կաշխատեն»:

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին շնորհավորանքների համար, ասաց.

«Կառավարությունը քաջ գիտակցում է, որ մեր հասարակության և քաղաքացիների սպասումները բարձր են: Մենք ամեն ինչ կանենք, որ մեր գործունեության արդյունքները տեսանելի լինեն մեր յուրաքանչյուր քաղաքացու համար»: