Վերջին մեկուկես տարվա ընթացքում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրականացրել է ավելի քան 180 դիվերսիոն ներթափանցման փորձ և դիվերսիա: Այս մասին Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում հակառակորդը գրեթե ամեն օր նոր ուժեր է բերել առաջնագիծ: Օր է եղել, որ 10 դիվերսիա է եղել: Ամեն օր սպասել ենք հարձակման»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով` պատերազմն ունի իր կանոնները: «Մինչև առաջնագծում չլինեք, չեք կարող նորմալ գնահատական տալ»,-շեշտեց նա:
Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ` հակառակորդին պետք չէ թերագնահատել, նա աշխատում է իր սխալների վրա: Այս դեպքում անհրաժեշտ է մեկ կամ երկու քայլ առաջ լինել: