Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել իրականացվող աշխատանքի համար՝ ընդգծելով նրանց կողմից իրականացվող գործունեության կարևորությունը զինված ուժերի վրա դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար: Սեյրան Օհանյանն անդրադարձել է առկա ռազմաքաղաքական իրավիճակին և մատակարար կազմակերպություններին հորդորել ստեղծված իրադրության պայմաններում էլ ավելի մեծ ուշադրություն հատկացնել սեփական աշխատանքի նկատմամբ ներքին վերահսկողությանը և առավել մեծ պատասխանատվությամբ վերաբերվել մատուցվող ծառայությունների և մատակարարվող ապրանքների որակին ու ապահովման ժամկետներին:
Հանդիպման վերջում մասնակիցներին նաև ներկայացվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները: Հատուկ ընդգծվել է, որ ՀՀ ՊՆ-ն գործող օրենսդրության շրջանակում հատուկ ուշադրություն է դարձնում գնումների և մատակարարումների ոլորտում բարեվարքության ու էթիկայի նորմերի պահպանման հարցերին և միջազգային լավագույն փորձի հենքի վրա մշակվելու են շահերի բախումը, անբարեխիղճ մրցակցությունը կանխող և չարաշահումները բացառող լրացուցիչ մեխանիզմներ, փոփոխվելու է գործընթացների կազմակերպչական մշակույթը: