Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն են տարածել, որում ասվում է.
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան վրդովված և խիստ անհանգստացած է ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կեցվածքով: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետը Լրագիր և 1in. am կայքերի լրագող Սիրանուշ Պապյանին՝ մասնագիտական գործունեություն իրականացնելիս փորձել է մանիպուլացնել՝ ասելով. «Ես քո մեջ կին չեմ տեսնում»:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան այդ վարքը գնահատում է որպես սեքսիզմի դրսևորում, կանանց հանդեպ խտրական վերաբերմունք և հոգեբանական բռնություն՝ տվյալ լրագրողի նկատմամբ: Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կանանց թիրախավորելն ու վիրավորական արտահայտություններ անելը դարձել է գործելաոճ: Մասնավորապես 2013 թվականի օգոստոսին՝ կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ տեղի ունեցած ակցիայի ընթացքում Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը ակտիվիստ Շողեր Մելքումյանի ականջին սեռական բնույթի հայհոյանքներ էր շշնջացել, իսկ մեկ այլ ոստիկան համբուրել նրա պարանոցը:
2015 թվականի ամռանը՝ Բաղրամյան պողոտայում «էլեկտրիկ Երևան» հանրային ընդվզման ակցիաների ժամանակ, ցուցարար Ելենա Օվսյաննիկովային ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը անվանել էր սադրիչ և հայտարարել, որ նա ոստիկանների առաջին շարքի ծառայողներին սեքս է առաջարկել։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փաստում է , որ սեռականության ակնարկները կին ակտիվիստների ու լրագրողների հանդեպ հոգեբանական զենք են և օգտագործվում են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որպես ճնշման միջոց: Նման դրսևորումները մնում են անպատիժ և շարունակական բնույթ կրում, ինչը կանխելու համար՝
Առաջարկում ենք
- ԶԼՄ-ներին և իրավապաշտպան կազմակերպություններին դատապարտել ՀՀ ոստկանապետ Վլադիմիր Գասպարյանի սեքսիստական վարքը:
Պահանջում ենք
- ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հանրային ներողություն խնդրել լրագրող Սիրանուշ Պապյանից, հակառակ դեպքում հարկ կլինի պահանջել նման պաշտոնյայի հրաժարականը:
Հիշեցնում ենք, որ
- «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվությանմիջոցներով»: