Հայտնի մարդկանց նկատմամբ դժվար է անտարբեր լինել: Նրանց մշտապես կա՛մ քննադատում են, կա՛մ սիրում, գնահատում ու ոգեշնչվում նրանցից:

- Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ:

- Ամեն ինչ սկսվեց մոտ 5 ամիս առաջ: Մի անգամ տնից դուրս եկա, նկատեցի, որ ակնոցս մոռացել եմ, վերադարձա տուն, որ վերցնեմ, ականջիս ընկավ Աստղիկի «Շալոմ» երգը, և ինձ միանգամից գրավեց նրա յուրահատուկ ձայնը: Չնայած նրան, որ ուշանում էի հանդիպումից, մոտեցա հեռուստացույցին և ուղղակի շատ կլանված լսեցի երգը և ուշադիր նայում էի, թե երբ պետք է էկրանին հայտնվի երգչուհու անունը, որ իմանամ, թե ով է: Գրվեց Աստղիկ Սաֆարյան, միանգամից ֆիքսեցի ու դուրս եկա: Այնքան հետաքրքրեց ինձ, որ արագ-արագ վերջացրեցի աշխատանքս, վերադարձա տուն ու միանգամից մտա համացանց: Սկսեցի լսել նրա երգերը մեկը մյուսի հետևից, կարելի է ասել ագահորեն, ու չէի հավատում, նույնիսկ ննջարանումս մենակ գտնվելով բարձրաձայն ասում էի «չի կարող պատահել, ով է էս աղջիկը» ու նմանատիպ այլ բաներ: Միանգամից հասկացա, որ դեռ շատ եմ լսելու իր երգերը…հետո անցա հարցազրույցներին: Ինքս բնույթով շատ անհամբեր մարդ եմ և շատ դժվարությամբ եմ նստած մնում, ուղղակի զարմացա, թե ինչպես ամբողջ գիշեր նստած՝ կլանված նայեցի նրա հարցազրույցները: Հաջորդ գիշեր կարդացի բոլոր տպագիր հարցազրույցները և այդպես շարունակ մի քանի գիշեր: Զգացի, որ ինչ-որ նոր զգացողություն է իմ մեջ, որ մինչ այդ չէր եղել նույնիսկ այն արտասահմանյան արտիստների հանդեպ, որոնց շատ շատ եմ սիրում և հիանում եմ նրանցով: Զարմացել էի ինքս իմ զգացածից, իմ այդքան հիացած վիճակից, ինչն էլ շատ հաճելի էր և հիմա էլ նույնչափ հաճելի է:
Առաջին հերթին նա ինձ գրավեց իր ձայնով, հետո երգեցողության մեջ պարզ և յուրօրինակ, թեթև ճաշակով, տեսահոլովակների մեջ կերպարային յուրօրինակությամբ (հատկապես «Նա» տեսահոլովակի կերպարը) և հարցազրույցները դիտելուց հետո վերջնականապես գրավեց իր տեսակով, կրթվածությամբ, իր աշխարհով և չափազանց ակնհայտ անկեղծությամբ, այնքան, որ տեսածիդ չես հավատում:

- Ինչո՞ւ հենց Աստղիկ Սաֆարյանը: Չէ որ այլ արտիստներ ևս կան ովքեր իսկապես առանձնանում են իրենց տեսակով և նրանցով նույնպես կարելի է տարվել:

- Իհարկե, չեմ ժխտում, կան և նրանցից մի քանիսին շատ գնահատում և սիրում եմ, բայց Աստղիկին սիրելուց էլ շատ եմ սիրում )) պարզապես նա և իր երգերը գրեթե ամեն ինչով համահունչ են ինձ և մի յուրահատուկ էներգիա ու զգացողոթյուն են պարգևում ինձ: Օրինակ նրա «Ժպտա» երգը ես համարում եմ կախարդական, քանի որ ինչքան էլ տխուր լինես, հերիք է՝ միայն լսես այդ երգը ու կժպտաս անկախ քո կամքից: Կան հարցազրույցներ, որ մինչ օրս պարբերաբար նորից նայում եմ, շատ հաճելի է: Եթե օրինակ ես շատ սիրեի իր երգերը, բայց իրեն այդքան էլ չընդունեի, միանշանակ այսքան չէի տարվի, վստահ եմ:

- Իսկ առհասարակ հայկական երգարվեստին որքանով եք ծանոթ։ Հնարավո՞ր է մի օր նոր բացահայտում անեք ձեզ համար ու մեկ ուրիշով տարվեք:

- Տրամաբանական հարց է, ընկերներս էլ են խորհուրդ տվել, չնայած շատ դրական կարծիք ունեն Աստղիկի մասին: Ասացին, որ գրեթե ոչ ոքի չեմ ճանաչում, գուցե ճանաչելու դեպքում փոխվի իմ դիրքորոշումը: Բնականաբար, ինձ էլ էր հետաքրքիր, հարցրեցի թե ովքեր են մեր ամենահայտնի և սիրված արտիստները, նրանք ինձ ասացին անուններ, օգտվեցի համացանցից, ներողություն եմ խնդրում, բայց 2 րոպեից ավել չդիմացա ոչ նրանց երգերին, ոչ էլ հարցազրույցներին: Կային, որ պահվածքով կիրթ էին և գրագետ, ինչը շատ գնահատելի է, բայց ինձ ոչ մի կեչպ չգրավեց նրանց արվեստը, զուտ իմը չէին: Էնպես որ գիտակցաբար ոսումնասիրել եմ մի քանիսին հենց ինքս ինձ ճիշտ հասկանալու համար և հասկացել, որ խփել եմ հենց նշանակետին, միանգամից գտել եմ հենց իմ արտիստին:

- Ի՞նչ ոճում կցանկանաք տեսնել Աստղիկ Սաֆարյանին և ի՞նչ եք նրանից սպասում՝ որպես երկրպագու:

- Կցանկանամ միշտ տեսնել այն ոճում, որում կա, բայց եթե ինքն իրեն մեկ այլ ոճի մեջ էլ լավ զգա, ես սիրով կնդունեմ, քանի որ նա ամեն բան ներկայացնում է իր տեսակի մեջ, իսկ ես սիրում եմ հենց իր տեսակը: Սպասում եմ նոր երգերի և երգերի քավր տարբերակների, քանի որ իր ներկայացրած քավրից հետո, ես իսպառ հրաժարվում եմ օրիգինալ տարբերակից: Նույն John Legend-ի All Of Me երգը, The Beatles-ի Yesterday-ը միշտ շատ սիրել ու լսել եմ, բայց Աստղիկի կատարմամբ լսելուց հետո, ուղղակի չեմ կարողանում լսել օրիգինալը, միայն ու միայն լսում եմ նրա կատարմամբ և, ըստ իս, հենց էդտեղից էլ զգացվում է նրա պրոֆեսիոնալ մոտեցումը, քանի որ դրանք այն երգերը չեն, որ հեշտությամբ կարողանաս հրաժարվել օրիգինալից:

- Մեկ բառով նկարագրեք Աստղիկից ստացած ձեր զգացողությունը:

- Շոկ (առանց չափազանցության):

- Կա՞ արդյոք շփում երգչուհու հետ:

Շփում չէի ասի, կա ուղղակի, կարծում եմ, շատ գեղեցիկ արտիստ-երկրպագու հարաբերություն, քանի որ ես պարբերաբար հայտնում եմ նրան իմ հիացմունքը նամակագրության միջոցով, նա էլ սիրալիր կերպով շնորհակալություն է հայտնում, ինչի համար ես եմ շնորհակալ իրեն:

- Ըստ ձեզ՝ ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Ձեր և Աստղիկի միջև:

- Որքանով որ ես եմ նրան ընկալել, կա մտածելակերպի և աշխարհների նմանություն, կարծում եմ, և այն, որ երկուսս էլ շատ ենք սիրում ֆրանսիական մշակույթը: Իսկ տարբերությունները շատ են՝ նա համեստ է, ինչը իմ մասին չէի ասի: Իր ասելով, նա զուսպ է կյանքում և ներդաշնակ, ես՝ շատ խառը, փոփոխական, կտրուկ, էքսցենտրիկ մարդ եմ, նա գեղեցիկ շպարվում է, ես բացարձակ չեմ շպարվում: Գլխավոր տարբերությունը՝ նա հրաշալի է երգում, իսկ ես շատ հեռու եմ երգելուց և վերջապես նա մեքենա է վարում, ես՝ հեծանիվ ))

- Ի՞նչ խորհուրդ կտաք Աստղիկ Սաֆարյանին:

- Խորհուրդ կտամ մի օր հանդիպի ինձ՝ որպես իր երկրպագուի )) Իրականում դա կատակ է, քանի որ ես չեմ սիրում պարտադրել, և ինքս էլ առանց պարտադրանքների եմ ապրում՝ ազատ կամքով: Բայց կարող եմ ասել, որ Աստղիկին հանդիպելը երազանք է ինձ համար: Իսկ ինչ վերաբերում է խորհրդին, այդքան խորհուրդ չէի ասի՝ ինչքան ցանկություն, շատ եմ ցանկանում, որ հնարավորության դեպքում նա իր ուժերը փորձի, հանդես գա միջազգային երգարվեստում, քանի որ ակնհայտ ունի այդ պոտենցիալը և միանշանակ համապատասխանում է միջազգային ստանդարտներին՝ իր կրեատիվությամբ և յուրահատուկ երաժշտությամբ: Համենայն դեպս, իմ փլեյլիստում նրա երգերը խառնված են աշխարհահռչակ կատարողների երգերի հետ և ոչ մի կերպ չեն առանձնանում վատ առումով, նույնիսկ հպարտությամբ եմ լսում նրա երգերը իմ արտասահմանցի ընկերների հետ և հպարտությամբ ներկայացնում նրան որպես մեր ազգի լավագույն երգչուհի: Նրանց էլ է շատ դուր գալիս Աստղիկի երաժշտությունը:

- Եվ, ամենավերջում, կա՞ ինչ-որ բան, որ ցանկանում եք ասել Աստղիկ Սաֆարյանին այս հարցազրույցի միջոցով:

- Կասեմ հետևյալը. Աստղիկ ջան, ես քեզ շատ եմ սիրում և ուզում եմ մի բան խոստովանել… Մոտ մեկ ամիս առաջ քեզ գրեց մի աղջիկ և հարցազրույց խնդրեց քեզնից: Շնորհակալություն՝ չմերժելու համար: Այդ աղջիկը այս կայքում աշխատող մի լրագրողուհի է, ում հետ ես ծանոթացա մի քանի մարդու միջոցով՝ հենց այն նպատակով, որ առաջարկեմ քեզ հետ հարցազրույց անցկացնել և խնդրեցի, որ տեղադրի բացարձակապես իմ պատրաստած հարցերը: Շատ շնորհակալ եմ նրան, որ հասկացավ ինձ, բարի գտնվեց և նույնիսկ առանց ինձ ճանաչելու սիրով կատարեց իմ խնդրանքը: Հուսով եմ՝ հարցերը հետաքրքիր էին քեզ համար: Խնդրում եմ ուրիշ հարցազրույցների դեպքում ինձ չկասկածել ես անպայման կխոստովանեմ ))

 

Աննա Նահապետյան