Թեև հին հայկական ասացվածքի համաձայն «ձիուն թամբը չի գեղեցկացնում, ոչ էլ մարդուն հագուստը», այնուամենայնիվ, դեռ հնում հագուստը կարևոր դեր է կատարել, ունեցել ծիսական, սոցիալական նշանակություն: Մեր օրերում հայկական տարազը կորցրել է գործառույթների մի մասը, սակայն իր կարևորագույն դերը նա մինչև հիմա էլ փորձում է կենդանի պահել պարախմբերի միջոցով: Պարի խմբերն օգնում են հայ երիտասարդներին չմոռանալ իրենց արմատները, հպարտանալ ազգային մշակույթով: Նրանց շնորհիվ տարազը, վերածվելով բեմական հանդերձանքի, բարձրանում է բեմ: Գեղջկուհու տարազը կենցաղից բեմ բարձրացնելիս ենթարկվում է մասնագիտական մշակման, հարմարեցվում է բեմի կանոններին, բեմադրության մեջ առկա պարային շարժումներին, կատարողների ֆիզիկական կառուցվածքին, ընդհանուր թեմային:
Հայկական ազգային պարը այսօր ընդունված է ներկայացնել ժամանակակից բեմադրություններով ու երաժտությամբ, և, իհարկե, տարազների՝ ժամանակակից լուծումներով, բայց յուրաքանչյուր բեմական հագուստ ստեղծող պետք է հավատարիմ մնա ազգային տարազի ակունքներին՝ գունապնակ, զարդարում, ասեղնագործություն, ձևվածք, օգտագործվող կտոր և այլն: Այստեղ պետք է կարևորվի ավանդականի ու նորի ներդաշնակությունը, գուներանգների ու զարդանախշերի ճիշտ համադրությունը:
Բարեբախտաբար, մեր օրերում կան մարդիկ, ովքեր, հավատարիմ մնալով հնին, փորձում են նոր շունչ տալ ազգային հագուստին, վերականգնել հին նմուշները, ստեղծել նոր ոճավորումներ: Տերյան կենտրոնի տնօրենը՝ դիզայներ Լիլիթ Մելիքյանն ասում է.
«Հնարավորինս փորձում ենք պահպանել ձևը: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով կրկնօրինակում ենք, որովհետև չի կարող 100 տարի առաջվա կտորը կամ թելը նույնը լինել: Բայց, իհարկե, հնարավորինս մոտ ենք մնում կրկնօրինակին: Այսօր շատ ազգեր մեր նախշերը, մեր ասեղնագործությունները օգտագործում են, և որպեսզի մենք կարողանանք ապացուցել, որ մենք հին ազգ ենք, մեր պարերի ձևավորման հետ ձևավորվել է նաև մեր ազգային հագուստը, պետք է տարազները շատ հաճախ ու գրագետ մատուցենք»:
Ըստ Լիլիթ Մելիքյանի՝ հայկական տարազի հայեցիությունը պահպանելու համար ոչ թե պետք է հեռուստատեսությամբ կամ մամուլով հայտարարել, որ դրանք զուտ հայկական են, և ոչ թե հարևան ազգերից գողացված, այլ պետք է տարածել, կրել, ցույց տալ:
Լիլիթը տարազը ստեղծելիս խորհրդակցում է ազգագրագետների հետ, ովքեր հուշում են, թե ինչ էլեմենտներ կարելի օգտագործել, ինչպիսի նախշեր ասեղնագործել, ինչպիսի զարդարանքներ համադրել: Հայկական տարազի մեջ գերիշխում են ծիրանին, որը ողջախոհության խորհրդանիշ է, արիության կարմիրը, երկնավոր արդարություն խորհրդանշող կապույտը և սպիտակը, որը մաքրության խորհրդանիշ է: Լիլիթի հավաքածուների մեջ այս գույները ևս գերիշխող են:
Առանց տարազի անհնար է պատկերացնել ազգային պարը: Հայկական պարը յուրահատուկ է նաև տարազների շնորհիվ: Ուրեմն այդ յուրահատկությունը պահելու համար մենք պետք է ճանաչենք և պահպանենք ոչ միայն ազգային երգն ու պարը, այլ նաև մեր անզուգական տարազը:
Աննա Նահապետյան