Այս գիշեր, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունների արդյունքում, հայկական կողմն ունենցել է 3 վիրավոր, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա՝ հաղորդելով, որ ծանր վիրավորը ստացել է բեկորային վնասվածք ազդրի ստորին երրորդական հատվածում:
Կամավոր Խաչատրյանի խոսքով՝ ապրիլի առաջին չորս օրերի ռազմական գործողությունների հետևանքով կայազորային հոսպիտալներ տեղափոխված վիրավոր զինծառայողների թիվը կազմել է 125:
«Ապրիլի 5-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո հակառակորդը շարունակում է կրակել, ինչի հետևանքով կայազորային հոսպիտալներ են տեղափոխվել ևս 34 զինծառայողներ»,- տեղեկացրեց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը: