«ԼՂՀ և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1-ից 5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրության իրականացման և ընտանիքների կարիքների համակողմանի գնահատման նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Պաշտպանության, և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների կարիքների գնահատման համապատասխան մեթոդաբանություն և կազմակերպվել են աշխատանքները»,- այսօր Կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: 

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ անչափահաս՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքների թիվը 17 է, ուսանող ունեցող ընտանիքներ ևս կան:

«Զբաղվածության և աշխատանքի կարիք ունեցող ընտանիքների անդամներից ոմանք ցանկություն են հայտնել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու: Առողջական խնդիրներ ու բժշկական օգնության հետ կապված՝ զոհված զինծառայողների որոշ ընտանիքների անդամներ ունեն բժշկական հետազոտության կարիք, ինչպես նաև հոգեբանական ծառայության կարիք»,- ասաց նա

Օրենսդրությամբ սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար մարտական գործողությունների ժամանակ զոհվելու դեպքում, ինչպես նաև 1 մլն 400 հազար դրամ հուղարկավորության կազմակերպման և 700 հազար դրամ գերեզմանի բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ ՊՆ-ի կողմից: