Մեզ սպառնացող ամենամեծ վտանգն այն է, որ ադրբեջանցիները թոթափում են պարտվածի բարդույթը, որն իրենք ունեցել են այս 24 տարիների ընթացքում և նույնիսկ 200 մետր առաջ գնալով նրանք իրենց հասարակությանը համոզում են, որ կարող են հաղթանակ տանել հայերի նկատմամբ: Այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Ես գտնում եմ, որ հայկական կողմը ունի 2 տարբերակ այս իրավիճակից դուրս գալու, որպեսզի հաջորդ բանակցային փուլում ավելի ուժեղ դիրքերից հանդես գա. 1-ին այն է, որ վերականգնվի այն ստատուս քվոն, որը եղել է մինչև ապրիլի 1-ը և 2-րդը՝ ավելի մեծ տարածքներ ազատագրվեն, որպեսզի էլ ավելի ուժեղ դիրքերից մենք հանդես գանք... մյուս բոլոր տարբերակներում մենք ստիպված ենք լինելու քիչ թե շատ գնալ զիջումների, ինչը մեզ համար բացարձակ ձեռնտու չէ»,- մանրամասնեց նա:
Քաղաքագետը գտնում է, որ հայկական կողմը չպետք է այսուհետ որևիցէ մեկ երկրի կամ կազմակերպության հորդորները հաշվի առնի և անպայմանորեն շարունակի հաջողությունները:
Խոսելով ադրբեջանցիների մոտ պարտվածի բարդույթի մասին, Գագիկ Համբարյանը ասաց. «Այդ վախը ադրբեջանցիների մեջ միշտ պետք է մնա: Եթե թուրքը չվախեցավ, ապա ավելի կլկտիանա, իսկ թուրքին տեղը դնելու միակ միջոցը զենքի ուժով նրան խաղաղություն պարտադրելն է»: