Մեր արտգործնախարարությունը պետք է ակտիվ գործի: Ապրիլյան պատերազմի ժամանակ ԱԳ նախարարի դերը ստանձնել էր ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով վերջերս տեղի ունեցած խոշոր պաշտոնանկությունների մասին:
«Այն ժամանակ, երբ մենք սահմանին 10-յակներով զոհեր էինք ունենում, մեր արտգործնախարարը Փարիզում Ֆրանկոֆոնիայի ժողովի էր մասնակցում և փաստաթղթեր էր ստորագրում, այն դեպքում, երբ պետք է ինքնաթիռ նստեր և շտապ վերադառնար Հայաստան: Ես կարծում եմ, որ այդ իրավիճակում մեր իշխանությունները՝ կոնկրետ ԱԳՆ-ն, պետք է կես ժամը մեկ ասուլիս հրավիրեին և ոչ թե ծածուկ հրավիրեին Բելոռուսի դեսպանին ԱԳՆ ու ինչ-որ հանդիպում ունենային անհայտ բովանդակությամբ, այլ պետք է Բելոռուսիայի դեսպանի ձեռքը բողոքի նոտա տային, որ լինելով ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ Բելոռուսիան բացեիբաց ադրբեջանամետ հայտարարությամբ էր հանդես գալիս: Կամ ինչու մեր ԵԽԽՎ պավիրակները այդքան ուշացումով արձագանքեցին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հակահայկական ելույթներին, երբ 15 րոպե հետո կարելի էր նրան իր տեղը ցույց տալ: Մենք ունենք նման խնդիրներ: Տեսնո՞ւմ եք ադրբեջանական կողմը ինչ ագրեսիվ է գործում... Ես գտնում եմ, որ մեր ԱԳՆ չի կայացել մինչև հիմա: Այնտեղ աշխատելու համար պարտադիր չէ լեզու իմանալ, մեզ պետք են դիվանագետներ՝ ճկուն մտածելակերպ ունեցողներ, արագ կողմնորոշվող մարդիկ, ովքեր կկարողանան արագ հակադարձել»,- մանրամասնեց նա: