Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը ծրագրում է նոր կուսակցություն ստեղծել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը նշել է, որ այս պահին այդ հարցով ակտիվ խորհրդակցություններ է իրականացնում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների և գործընկերների հետ:

«Կա նման գաղափար, ես չեմ թաքցնում, բայց այս պահին զերծ կմնամ գնահատականներից: Երբ կլինի նման որոշում, մենք այդ մասին կտեղեկացնենք մամուլին»,- ասել է Բաբայանը:

Վահան Բաբայանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 2016թ. Վահան Բաբայանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին: Նա նշել էր, որ դա բացառապես իր անձնական որոշումն է՝ թելադրված իր քաղաքական հայացքներով, կամքով և խղճով: