Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը շահարկելը վնասում է հայ զինվորի ոգուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանը նշեց, որ տիկին Նաղդալյանի հարցազրույցի շուրջ բարձրացված աղմուկը արհեստական է:

Նշենք, որ հարցազրույցում Հերմինե Նաղդալյանը հնչեցրեց միտք ԼՂ հարակից հինգ շրջանների վերադարձման հետ կապված: 

Արմեն Աշոտյանը մասնավորապես ասաց. «Եկեք ամեն ինչ դնենք մի կողմ և պարզ խոսենք. արդյո՞ք դուք կարծում եք, որ այս թեմայի հետագա քննարկումը բարձրացնում է մեր զինվորի ոգին ու հոգին, որ կանգնած է առաջնագծում: Արդյո՞ք այս թեմայի քննարկումը չի հանգեցնում նրան, որ տղերքը, որ կանգնած են առաջնագծում, որոշակի հոգեբանական խնդիրներ չեն ունենա՝ ծանոթանալով լրահոսին: Արդյո՞ք չեք կարծում, որ երկրի արտաքին քաղաքականությունը Ազգային ժողովի մանդատը չէ, որ դա երկրի ղեկավարի մանդատն է, իսկ Սերժ Սարգսյանի տեսակետներին այս ընթացում բազմաթիվ հարցազրույցների միջոցով հաղորդակից եք եղել: Այս հարցի իրական տերը ԼՂՀ-ն է, որի ղեկավարը բարձրաձայնեց ԼՂՀ պետության և ժողովրդի մոտեցումը»: 

Աշոտյանը նաև ավելացրեց. «Ես չեմ եկել մեկնաբանելու Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը: Ես մի քիչ ավելի լուրջ եմ տրամադրված այս հանդիպմանը: Ասացինք՝ անցանք առաջ, ինքն էլ ասաց, անցանք առաջ: Ինքը չէ հարցի տերը: Մաստակ սարքել այս թեմայից իրականում նշանակում է չհասկանալ՝ ինչ է կատարվում գլոբալ առումով, ինչն է ավելի կարևոր»: