Այսօր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը բոլորովին նման չի ապրիլի սկզբի իրավիճակին, Ադրբեջանի զինուժի բավականին ավելի մեծ զորքերի շարժի մասին է խոսքը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քանակի զորքեր են մոտեցվել ԼՂՀ սահմանին և սա որքանով է նման պատերազմական վիճակին:
«Հետախուզությունը ամեն ինչ տեսնում, լսում է: Եթե դա չլիներ, համապատասխան հայտարարություններ չէին լինի: Քանակի մասին չեմ կարող ասել օբյեկտիվ պատճառներով»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը, կուտակումների փոփոխությունները մշտական են, անցած օրերի ընթացքում հակառակորդը դա շարունակում է, շեշտակի փոփոխություններ չկան:
«Երեկ իրենք էլ Ադրբեջանի ՊՆ-ն չժխտող սուր հայտարարություն արեց, որ իրենց զորքերը կուտակումներ, խոանավումներ իրականացնում է»,-ընդգծեց Հովհաննիսյանը:
Հարցին՝ ունե՞ք տեղեկատվություն հարձակման վերաբերյալ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պահին դժվար է ասել՝ ինչ կլինի, երբ կլինի. դա հնարավոր չէ: Կարևորն այն է, որ պաշտպանության բանակն իր բոլոր հետախուզական միջոցներով այս ամենը ֆիքսում է, ոչինչ աննկատ չէ, հակառակորդի գործողությունները մեզ համար տեսանելի են»: